Իտալիայում հնագետները բացառիկ բացահայտում են արել՝ բացելով նախահռոմեական դարաշրջանի էլիտայի ներկայացուցչի՝ այսպես կոչված «իշխան-ռազմիկի» արքայական դամբարանը, գրում է Live Science-ը։

Ազնվական իշխանի աճյունների հետ միասին հայտնաբերվել են նրա երկանիվ մարտակառքը, զենքերը և հարուստ թաղման գույքը։ Գտածոն մ.թ.ա. VI դարի մեծ նեկրոպոլիսի մի մասն է և թույլ է տալիս նորովի նայել հին Իտալիայի ամենաքիչ ուսումնասիրված ժողովուրդներից մեկի թաղման ավանդույթներին։

Պեղումները կատարվել են Ադրիատիկ ծովի ափին գտնվող Սիրոլո համայնքում։ Մ.թ.ա. VI դարում այս տարածքում բնակվում էին պիկենները՝ հին իտալիկ ժողովուրդ, որը հարևանում էր էտրուսկների հետ։

Քանի որ պիկենները գրեթե չեն թողել գրավոր վկայություններ, նրանց հասարակության, մշակույթի և քաղաքական կառուցվածքի մասին հիմնական տեղեկությունները հնագետները ստանում են բացառապես պեղումների շնորհիվ։ 2020 թվականին Պինի նեկրոպոլիսում արդեն հայտնաբերվել էր մեկ «իշխանական» դամբարան՝ մարտակառքով և զենքերով, իսկ այժմ հետազոտողները գտել են ևս մեկը, ոչ պակաս տպավորիչ։

Փայտե պարսպով շրջապատված մոնումենտալ կլոր համալիրի կենտրոնում հնագետները հայտնաբերել են մեծ տղամարդու թաղում։

Մոտ 2500 տարի առաջ մահացածի հետ միասին թաղվել էր «կուրրուս» տեսակի փայտե երկանիվ կառք, որը գերեզմանում պահպանվել էր գրեթե ամբողջությամբ։ Կողքին գտնվել են մարտական սաղավարտ, կացին և մի քանի բրոնզե անոթներ՝ փակված կերամիկական կափարիչներով։

Անոթների ներսում պահպանվել են օրգանական մնացորդներ, որոնք կարող են լինել հոգեհացի հետքեր կամ հանդերձյալ կյանքի համար նախատեսված ընծաներ։

Մոտակայքում գտնվում էր կանացի թաղում։ Կինը թաղվել էր գործվածքների, կոշիկների և բազմաթիվ մետաղական ֆիբուլաների հետ, որոնցով, հավանաբար, ամրացվում էին հագուստն ու թաղման սավանը։ Հատկապես ուշագրավ էր հսկայական ֆիբուլան՝ սաթի խոշոր կտորով, որը դրված էր հանգուցյալի գլխի մոտ։

Գիտնականները ենթադրում են, որ այն կարող էր լինել սանրվածքի կամ բարդ գլխազարդի մաս։ Այս թաղումը գտնվում է հանրահայտ «Թագուհու դամբարանի» մոտ, որտեղ 1989 թվականին հայտնաբերվել էր մի կին, որը թաղված էր երկու մարտակառքերի, երկու ջորիի և մեծ թվով թանկարժեք անձնական իրերի հետ։

Նոր բացահայտման ոչ պակաս կարևոր առանձնահատկություն դարձավ հենց նեկրոպոլիսի կառուցվածքը։ Եթե նախկինում պիկենների թաղման համալիրները սովորաբար շրջապատված էին օղակաձև խրամով, որը խորհրդանշորեն բաժանում էր ողջերի աշխարհը մեռյալների աշխարհից, ապա այստեղ հնագետները առաջին անգամ հայտնաբերել են փայտե պարիսպ։

Բացի այդ, նեկրոպոլիսը կառուցվել էր փոքր բարձունքի վրա, ինչը, հավանաբար, ընդգծում էր դրա մոնումենտալությունը և այնտեղ թաղվածների բարձր կարգավիճակը։ Պեղումների ղեկավար Ստեֆանո Ֆինոկկին նշել է, որ հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է հայտնաբերել պիկենների ամբողջական արիստոկրատական միջուկ, որը կարող է էապես փոխել պատկերացումները այս առեղծվածային ժողովրդի էլիտայի կառուցվածքի մասին։

Source: https://news.am/hy/news/1048533