Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ուրբաթ Իսրայելին կոչ են արել դադարեցնել իր բնակավայրերի ընդլայնումը Հորդանան գետի արևմտյան ափին՝ հայտարարելով, որ կառավարությունը «խարխլում է կայունությունը» և երկու պետությունների ստեղծման հեռանկարները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել բնակավայրերի և վարչական լիազորությունների ընդլայնումը, ապահովել պատասխանատվությունը վերաբնակիչների իրականացրած բռնությունների համար և հետաքննել Իսրայելի զինված ուժերի հասցեին հնչող մեղադրանքները»,- ասված է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ։
Նշելով, որ իրավիճակը Հորդանան գետի արևմտյան ափին վերջին մի քանի ամիսների ընթացքում «զգալիորեն վատթարացել է»՝ վերանշյալ երկրները հայտարարել են, որ պաղեստինցիների նկատմամբ վերաբնակիչների բռնությունները հասել են «աննախադեպ մակարդակի»։
«Իսրայելի կառավարության քաղաքականությունն ու գործելակերպը, ներառյալ՝ իսրայելական վերահսկողության հետագա ամրապնդումը, խարխլում են կայունությունը և երկու պետությունների համակեցության վրա հիմնված կարգավորման հեռանկարները»,- ասված է հայտարարության մեջ։
Երկրները դատապարտել են Իսրայելի «E1» բնակեցման ծրագիրը՝ շինարարական նոր նախագիծ, որը նախատեսում է շուրջ 3400 բնակելի միավորի կառուցում օկուպացված Արևմտյան ափի ավելի քան 12 քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ հայտարարելով, որ դա կլինի «միջազգային իրավունքի լուրջ խախտում»։
«Ձեռնարկությունները չպետք է մասնակցեն «E1»-ի կամ բնակավայրերում այլ օբյեկտների կառուցման տենդերներին։ Նրանք պետք է գիտակցեն բնակավայրերի կառուցմանը մասնակցելու իրավական և համբավի վրա անդրադարձող հետևանքները, ներառյալ՝ միջազգային իրավունքի լուրջ խախտումների մեջ ներգրավվելու ռիսկը»,- նշվում է չորս երկրների հայտարարության մեջ։
Հայտարարությունը միաժամանակ Իսրայելին կոչ է անում չեղարկել Պաղեստինի ինքնավարության և պաղեստինյան տնտեսության նկատմամբ կիրառվող ֆինանսական սահմանափակումները։ Չորս երկրները նշել են նաև, որ իրենք «վճռականորեն դեմ են նրանց, դրանց թվում՝ Իսրայելի կառավարության անդամներին, որոնք հանդես են գալիս բռնակցման և պաղեստինյան բնակչության բռնի տեղահանման օգտին»։
Source: https://news.am/hy/news/1037602
World
Իտալիան, Ֆրանսիան, Բրիտանիան և ԳԴՀ-ն Իսրայելին կոչ են արել դադարեցնել բնակավայրերի ընդլայնումը Արևմտյան ափին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։