Իսրայելը մտադիր է ավելի քան 350 միլիոն դոլար հատկացնել Հորդանան գետի արևմտյան ափին 61 նոր բնակավայր հիմնելու համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է «Axios» պորտալի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում անելով կառավարության որոշման նախագծին։
«Ակնկալվում է, որ Իսրայելի նախարարների կաբինետը հինգշաբթի օրը կհաստատի օկուպացված Արևմտյան ափին 61 նոր բնակավայրերի փաստացի հիմնման ֆինանսավորման պլանը... Այս առաջարկին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ կառավարությունը մի քանի տարվա կտրվածքով ավելի քան 350 միլիոն դոլար կհատկացնի այդ 61 բնակավայրերի ստեղծումն իրականություն դարձնելու համար»,- նշել է Ռավիդը։
Լրագրողի տվյալներով՝ ծրագիրը նախատեսում է ժամանակավոր բնակելի համալիրների և հանրային ենթակառուցվածքների ֆինանսավորում իրականացնել, ինչը կդառնա վերջին տասնամյակների ընթացքում բնակավայրերի ընդլայնմանն ուղղված ամենախոշոր քայլերից մեկը։
Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի բնակեցման քաղաքականությունը միջազգային հանրության և Պաղեստինյան ինքնավարության հետ հարաբերությունների գլխավոր խնդիրներից է։ Պաղեստինցիներն այս գործընթացը դիտարկում են որպես սեփական տարածքներում հրեական պետության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն։
Մայիսի վերջին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք Իսրայելի բնակեցման գործունեության շրջանակներում ներգրավված են եղել Արևմտյան ափին պաղեստինցիների իրավունքների խախտումներում։
Source: https://news.am/hy/news/1042713