Իսրայելի իշխանությունները մտավախություն ունեն, որ Հորմուզի նեղուցի խնդիրը լուծելու ձգտման ֆոնին ԱՄՆ-ը կհրաժարվի Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցից, որն ընթացիկ հակամարտությունում կենսական նշանակություն ունի հրեական պետության համար։ Այս մասին հայտնում է «Al-Monitor» պորտալը՝ հղում անելով Իսրայելի ղեկավարության իր աղբյուրներին։
Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները, ամերիկյան կողմը վերջին շաբաթներին հետաքրքրություն չի ցուցաբերում իրանական միջուկային հարցի լուծման նկատմամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի քանի անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հայտնել իր մտահոգությունները՝ այս խնդրի շուրջ Վաշինգտոնի անգործության վերաբերյալ։
«Ամբողջ ուշադրությունը սևեռված է Հորմուզի նեղուցի վրա։ Ոչ ոք չի խոսում միջուկային խնդրի մասին։ Սա մեզ համար հնարավոր վատագույն սցենարն է։ Նա մի քանի անգամ փորձել է համոզել Թրամփին, բայց ոչինչ չի ստացվել»,- նշել է պորտալի աղբյուրներից մեկը։ Ինչպես հավելում է «Al-Monitor»-ը, Նեթանյահուն ծրագրում է հուլիսի 19-ին բանակցություններ վարել Թրամփի հետ և փորձել համոզել ԱՄՆ առաջնորդին կենտրոնանալ Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցերի վրա։
Source: https://news.am/hy/news/1049945