Իսրայելը մտադիր է կոշտ պատասխան տալ Լիբանանի և Իրանի կողմից երկրին հասցվող հարվածներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Իրանի կողմից ցանկացած կրակոց կստանա հզոր պատասխան։ Լիբանանից արձակված ցանկացած արկի կպատասխանենք Դահիային հասցվող հարվածով»,- երկուշաբթի օրն իր տելեգրամյան ալիքում գրել է նա։
Ավելի վաղ The Times of Israel-ը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) երկուշաբթի օրը որսացել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների հերթական ալիքը։
Դրանից կարճ ժամանակ անց օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսում և Գոլանի բարձունքներում։ Բացի այդ, իրանական հրթիռների թիրախում են հայտնվել նաև Իսրայելի կենտրոնական շրջանները։
Կիրակի օրը Իրանը մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ ՑԱԽԱԼ-ի փոխանցմամբ՝ բոլոր հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով։
Իր հերթին ՑԱԽԱԼ-ը հայտնել է, որ երկուշաբթի օրը Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող ռազմական օբյեկտներին։
ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Էֆի Դեֆրինն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը կուժեղացնի Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին հասցվող հարվածները՝ ի պատասխան կիրակի օրը Իրանի կողմից իրականացված հրթիռակոծության։ Նրա խոսքով՝ Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը «գլխավոր շտաբի հետ միասին գնահատում է իրավիճակը և հաստատում գործողությունների շարունակման պլանները»։
«Մենք հարված ենք հասցրել Դահիային այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» չդադարող հարձակումներ ձեռնարկեց Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ»,- ասել է Դեֆրինը։
Source: https://news.am/hy/news/1041943