Իսրայելի թիկունքի հրամանատարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները և խստացրել երկրի՝ Լիբանանի հետ սահմանակից հյուսիսային շրջաններում գործող սահմանափակումները։

Նոր կանոնների հետևանքով մի շարք բնակավայրերում դադարեցվել է կրթական հաստատությունների աշխատանքը, հայտնել է Times of Israel-ը։

Telegram-ում հրապարակված հայտարարության համաձայն՝ ուսումնական գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է Կիրյաթ-Շմոնա, Մերոն, Բար-Յոխայ, Օր հա-Գանուզ, Սաֆսուֆա, Եսուդ հա-Մաալա, Կիսրա-Սումեյ, Բեյթ-Ջան և Սդե-Էլիեզեր բնակավայրերում։

Վերին Գալիլեայի և հյուսիսային Գոլանի շրջաններում, ներառյալ Կացրին և Կիդմատ-Ցվի քաղաքները, կրթական հաստատությունները կարող են շարունակել աշխատանքը միայն այն պայմանով, որ շենքում կամ նրա հարևանությամբ սահմանված արձագանքման ժամանակի շրջանակում հասանելի լինի պաշտպանված ապաստարան։

Միևնույն ժամանակ, ձեռնարկություններին թույլատրվում է գործել, եթե պահպանված են ապաստարաններին հասանելիության պահանջները։ Միաժամանակ սահմանափակումներ են մտցվել զանգվածային հավաքների համար․ բացօթյա՝ մինչև 50, իսկ փակ տարածքներում՝ մինչև 200 մարդ։ Տուժած շրջաններում նաև փակվել են լողափերը։

Միջոցառումները բացատրվում են սահմանամերձ գոտում պահպանվող լարվածության ֆոնին քաղաքացիական անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

Source: https://news.am/hy/news/1039694