Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել ռազմական արշավը Իրանի դեմ և հասցնել նոր հարվածներ «էլ ավելի մեծ ուժով», հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նոր սրման ֆոնին, ինչն ուժեղացրել է մտավախությունները լայնածավալ մարտական գործողությունների հնարավոր վերադարձի վերաբերյալ՝ ապրիլյան հրադադարից և հակամարտության ավարտի մասին հունիսին Վաշինգտոնի ու Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո:

«Բանակը պատրաստ է և բարձր պատրաստվածության վիճակում է՝ վերսկսելու մարտական գործողությունները, որպեսզի կրկին հասնի օդային գերակայության և հարվածներ հասցնի Իրանին՝ սպառնալիքները վերացնելու համար, ներառյալ՝ երրորդ անգամ, եթե դրա կարիքը լինի»,- ռազմական արարողության ժամանակ ասել է Կացը:

Ըստ նրա՝ եթե Իսրայելը ստիպված լինի վերադառնալ մարտական գործողություններին, դա կարվի «էլ ավելի մեծ ուժով»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով նույն արարողության ժամանակ, հայտարարել է, որ Իրանը թուլացել է Իսրայելի երկու նախորդ ռազմական արշավների արդյունքում:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել:

«Իրանական առանցքն ավելի թույլ է, քան երբևէ նախկինում, իսկ Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ նախկինում: Մենք ապացուցեցինք, որ իսրայելական ռազմաօդային ուժերի երկար ձեռքը կարող է հասնել ցանկացած կետի՝ Եմենից մինչև Իրան: Սակայն մենք նաև պետք է ընդունենք՝ արշավը դեռ չի ավարտվել»,- հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելական կողմի տվյալներով՝ ներկայիս հակամարտությունն սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը օդային արշավ սկսեցին Իրանի դեմ, որի հետևանքով սպանվեցին Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դա դարձավ Իրանի դեմ իսրայելական երկրորդ արշավը՝ 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո:

Source: https://news.am/hy/news/1048979