Իսրայելական ութ ավիահարված է հասցվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու էլ-Դուհուր ռազմական ավիաբազային. թիրախում են եղել թռիչքուղին և պահեստային տարածքները, հաղորդում է Reuters-ը։
Բազան, որը գտնվում է Թուրքիայի սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա, 2013 թվականից ի վեր չի օգտագործվում որպես մասնագիտացված ռազմական օդանավակայան և Սիրիայի 14-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում մի քանի անգամ անցել է ձեռքից ձեռք՝ նախկին նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի և ընդդիմադիր ուժերի միջև։
Ռազմական աղբյուրի տվյալներով՝ 2024 թվականի վերջին Ասադի իշխանափոխությունից հետո բազան օգտագործվել է որպես սիրիական նոր բանակի ուսումնական կենտրոն։
Այս հարվածները հասցվում են Իսրայելի և Թուրքիայի միջև անվտանգության ոլորտում լարվածության սրման, ինչպես նաև Սիրիայի հարցով երկու երկրների միջև ավելի ու ավելի կոշտ հռետորաբանության ֆոնին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 6-ի իր ելույթում հայտարարել է, որ Իսրայելը իր բազմակի հարձակումներով շարունակում է սպառնալ Սիրիայի անվտանգությանը, և կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հասնելու համար, որ այն հարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, իր հերթին, ուղիղ նախազգուշացում է հղել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ հայտարարելով, որ Իսրայելը թույլ չի տա այնպիսի քայլեր, որոնք կուժեղացնեն Սիրիայի ռազմական ներուժն այնպես, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար։
Օգոստոսի սկզբին Սիրիան երկրի հյուսիսում անցկացրել է օդային զորավարժություններ՝ ռուսական արտադրության ՄիԳ-21 կործանիչների կիրառմամբ։ Դրանք Ասադի տապալումից հետո առաջին նման զորավարժություններն էին։
Իսրայելական Kan հեռարձակող ընկերությունը օգոստոսի 11-ին հայտնել է, որ իսրայելական անվտանգության ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են նշաններ, որ Սիրիան արագացնում է իր ռազմաօդային ուժերի վերականգնման ջանքերը, ներառյալ նոր օդաչուների հավաքագրումը, թռիչքային պատրաստությունը և կործանիչների մասնակցությամբ առաջին զորավարժությունները։
Kan-ը, հղում անելով իսրայելական անվտանգության ծառայությունների աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելը ուշադիր հետևում է զարգացումներին և իր մտահոգությունները փոխանցել է Միացյալ Նահանգներին։
Source: https://news.am/hy/news/1056101