Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն իրենց աջակցությունն են հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) համատեղ որոշմանը։ Ըստ այդ որոշման՝ Իսրայելը պատրաստվում է հուժկու հարվածներ հասցնել Բեյրութի Դահիա թաղամասին, եթե «Հեզբոլլահը» չդադարեցնի երկրի հյուսիսային շրջանների վրա հարձակումները։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Մինչև երեկ, հենց Միացյալ Նահանգների խնդրանքով, ՑԱԽԱԼ-ը զերծ էր մնում Բեյրութում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնելուց․ սա պայմանավորված էր Իրանի հետ համաձայնության գալու շուրջ Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերով», — պարզաբանել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Կացի պնդմամբ՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյախուն անձամբ է տեղեկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրենց մտադրության մասին, այն է՝ «Հեզբոլլահի» գործողություններին պատասխանել Լիբանանի մայրաքաղաքին հասցվող հարվածներով։
«Ամերիկյան կողմը պաշտպանել է այս սկզբունքը և պաշտոնապես տեղեկացրել Լիբանանի կառավարությանն ու մյուս բոլոր շահագրգիռ կողմերին, որ Իսրայելի բնակավայրերին հասցված հարվածներին Բեյրութը համարժեք պատասխան կստանա», — ընդգծել է Կացը։
Հատկանշական է, որ Իսրայել Կացի այս հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ամերիկյան լրատվամիջոցների ավելի վաղ տարածած տեղեկություններին։ Երկուշաբթի օրը CNN-ը, հղում անելով հեռախոսազրույցի մանրամասներին ծանոթ իր երկու աղբյուրներին, հայտնել էր բոլորովին հակառակի մասին․ Դոնալդ Թրամփը Նեթանյահուից խստորեն պահանջել է չեղարկել Լիբանանում լայնամասշտաբ ռազմական գործողությունների պլանները։
Ինսայդերների տվյալներով՝ զրույցի որոշակի պահերի Թրամփն անգամ հայհոյանքներ է օգտագործել՝ Իսրայելի հարձակողական ծրագրերի վերաբերյալ իր ծայրահեղ դժգոհությունն արտահայտելու համար։ Ամերիկյան առաջնորդը մտավախություն ունի, որ Լիբանանում իրավիճակի սրումը լիովին կձախողի Թեհրանի հետ նախնական համաձայնության հասնելու իր ջանքերը։
Սպիտակ տունը դեռևս պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տվել Թրամփի և Նեթանյահուի զրույցի բովանդակության վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարարն ակնարկել է, որ Լիբանանի հարավային շրջանները պետք է պատրաստ լինեն հարձակողական գործողությունների անհապաղ մեկնարկին, քանի որ Թել Ավիվի դիրքորոշումն արմատապես փոխվել է։
«Եթե իսրայելական քաղաքներն ու բնակավայրերը շարունակեն մնալ կրակի տակ, մենք կործանարար հարված կհասցնենք Բեյրութի շիական Դահիա թաղամասին», — եզրափակել է Իսրայել Կացը։ — «Այլևս չի լինի այնպիսի իրավիճակ, երբ Բեյրութն ապրի անվտանգ ու հանգիստ կյանքով, քանի դեռ իսրայելական համայնքները գտնվում են հրետակոծության տակ»։
Source: https://news.am/hy/news/1040312
World
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը համաձայնել է հարվածներ հասցնել Բեյրութին, եթե «Հեզբոլլահի» հարձակումները շարունակվեն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։