Իսրայելի իշխանությունները հրամանագիր են արձակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափին՝ Երուսաղեմից հյուսիս գտնվող աստվածաշնչյան մարգարեի դամբարանի շրջանում հողամասի բռնագրավման վերաբերյալ, հայտնել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպությունը։

Այս օբյեկտը, որը հայտնի է որպես Նաբի Սամուել (Սամուել մարգարեի դամբարան), քրիստոնեական, հրեական և մահմեդական ավանդույթներում սրբացված է որպես աստվածաշնչյան մարգարեի թաղման վայր։ Դրա տարածքում գտնվում է նաև մզկիթ, որը տնօրինում է Իսլամական խորհուրդը (Վակֆ)՝ մահմեդական ունեցվածքի կառավարման պաղեստինյան մարմինը։

«Սա առաջին դեպքն է, երբ [Իսրայելի] Քաղաքացիական վարչակազմը բռնագրավում է մահմեդական Վակֆին պատկանող սրբավայրը օկուպացված Արևմտյան ափին»,- հայտարարության մեջ ընդգծել է իսրայելական Peace Now («Խաղաղություն հիմա») իրավապաշտպան կազմակերպությունը, որը հետևում է բնակավայրերի կառուցման գործունեությանը, գրում է Guardian-ը։

Ըստ իսրայելական հրամանագրի, որը թվագրված է մայիսի 9-ով, սակայն հրապարակվել է միայն այս շաբաթ, բռնագրավման գոտին ընդգրկում է մոտավորապես 11 հեկտար տարածք։ Այդ տեղամասում ներառված են մատույցների ճանապարհները, գյուղատնտեսական հողատարածքները և բուն մզկիթը։

Source: https://news.am/hy/news/1038619