Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) տնօրեն Դավիդ Զինին ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և հանդիպում ունեցել Գազայի հատվածում Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) Կանխարգելիչ անվտանգության ծառայության նախկին ղեկավար Մոհամեդ Դահլանի հետ։ Հղում անելով իր աղբյուրներին՝ այս մասին հայտնել է իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը։

Պաշտոնապես գերատեսչությունը չի հաստատել, բայց և չի հերքել իր ղեկավարի՝ ԱՄԷ կատարած այցի և պաղեստինյան ուժերի ներկայացուցչի հետ հանդիպման փաստը։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն, Իսրայելը և արաբական երկրները ներկայումս ԱՄԷ-ում բնակվող Դահլանին դիտարկում են որպես բոլոր կողմերի համար ընդունելի փոխզիջումային պատկեր, ով կարող է գլխավորել Գազայի հատվածը հակամարտության ավարտից հետո։

Source: https://news.am/hy/news/1038369