Իսրայելի և Լիբանանի միջև այսօր ստորագրված համաձայնագիրն, ըստ էության, ավելի շատ հանրային դիվանագիտության գործիք է, քան իրական քաղաքական բեկում։ Al Jazeera-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ռամի Խուրին։
Ըստ նրա՝ շրջանակային ձևաչափը, որը վերջին տարիներին կիրառվում է ամերիկյան դիվանագիտական պրակտիկայում, նշանակալի պարտավորություններ չի ենթադրում և ավելի շատ արտացոլում է առաջընթաց ցուցադրելու քաղաքական ձգտումը։ Նա նշել է, որ համաձայնագրի գաղափարը Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև առճակատման մակարդակի նվազեցումն է, սակայն շարժումն ինքը չի մասնակցել բանակցություններին, իսկ լիբանանյան բանակը, նրա բնորոշմամբ, ի վիճակի չէ ինքնուրույն զինաթափել «Հըզբոլլահին»։
Խուրին հայտարարել է նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարությունում փաստաթղթի ստորագրումը կապված է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքական առաջնորդների՝ արդյունք ցույց տալու անհրաժեշտության հետ։
Նրա կարծիքով՝ և՛ Դոնալդ Թրամփը, և՛ Բենիամին Նեթանյահուն շահագրգռված են արտաքին քաղաքական հաջողություն ցուցադրելու հարցում։ Նա հավելել է, որ առանցքային խնդիրն անհամաչափ մոտեցման մեջ է, որի դեպքում, ինչպես նա է համարում, առաջնահերթությունը տրվում է Իսրայելի անվտանգությանը, մինչդեռ Լիբանանի իրավունքները երկրորդական են դառնում։
Source: https://news.am/hy/news/1046196