Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հանգստյան օրերին լայնածավալ հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի»՝ Լիբանանի հարավում գտնվող օբյեկտներին։

Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) տվյալներով՝ խոցվել է «Հեզբոլլահ» շարժման շուրջ 150 ենթակառուցվածքային օբյեկտ, այդ թվում՝ զենքի պահեստներ, հրամանատարական կենտրոններ, արձակման կայաններ և խմբավորման գործունեության հետ կապված այլ օբյեկտներ։

ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ընդգծվել է, որ այդ օբյեկտները «Հեզբոլլահի» զինյալների կողմից օգտագործվել են իսրայելական ուժերի դեմ հարձակումներ նախապատրաստելու և իրականացնելու համար։ Զինվորականները հայտարարել են, որ հարվածները նպատակաուղղված էին սպառնալիքները կանխելուն և մարտական գործողությունների պլանավորման ու վարման մեջ ներգրավված ենթակառուցվածքը ոչնչացնելուն։

Իսրայելի բանակը նաև նշել է, որ գործողություններն իրականացվել են Լիբանանի հարավի տարածքում գտնվող թիրախների դեմ, որտեղ, նրա տվյալներով, պահպանվում է «Հեզբոլլահի» զինված կազմավորումների ակտիվությունը։

Source: https://news.am/hy/news/1041458