Ֆրանսիան եվրոպական մի շարք երկրների հետ միասին պատրաստում է ճնշման նոր միջոցներ Իսրայելի նկատմամբ՝ Հորդանան գետի Արևմտյան ափին շարունակվող բռնության ֆոնին, հայտնել է Reuters-ը։

Ինչպես հայտնել են եվրոպացի դիվանագետները, խոսքը վերաբերում է համակարգված ազգային պատժամիջոցներին այն անձանց դեմ, որոնք առնչություն ունեն պաղեստինցիների դեմ հարձակումների և իսրայելցի բնակիչների կողմից իրականացվող այլ բռնարարքների հետ։

Ենթադրվում է, որ պատժամիջոցները կներառեն ակտիվների սառեցում և մուտքի արգելք։ Վերջնական ցուցակները դեռ չեն հաստատվել, ուստի յուրաքանչյուր երկիր կարող է սահմանափակումներ կիրառել տարբեր անձանց նկատմամբ։

Դիվանագետների խոսքով՝ նախաձեռնությունն արտացոլում է արևմտյան երկրներում աճող դժգոհությունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությունից և Արևմտյան ափում իրավիճակի սրումից։

Աղբյուրը դիվանագիտական շրջանակներում նշել է, որ ԵՄ երկրները Իսրայելի դեմ ավելի խիստ միջոցների հարցում չեն կարողացել հասնել միաձայնության համաեվրոպական մակարդակով, ուստի քննարկումը տեղափոխվել է ազգային կառավարությունների ձևաչափ։ «Եվրամիության մակարդակով միասնականություն չկա, այդ պատճառով մենք անցել ենք ազգային մակարդակով միջոցների քննարկմանը», — հայտնել է դիվանագետներից մեկը։

Աղբյուրների տվյալներով՝ նոր պատժամիջոցների մասին կարող է հայտարարվել արդեն առաջիկա օրերին։ Ֆրանսիայի հետ գործողությունները համակարգող երկրների շարքում նշվում են Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, սակայն նախաձեռնության մասնակիցների վերջնական կազմը դեռ չի նշվում։

Source: https://news.am/hy/news/1041462