Իսրայելցի մի քանի ակտիվիստ-վերաբնակներ գիշերը փորձել են ապօրինի թափանցել Սիրիայի տարածք՝ Հերմոն (Խերմոն) լեռան շրջանում, փոխանցում է The Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակից (ՑԱԽԱԼ) հայտնել են, որ այդ շրջանում գտնվող զինծառայողները կանգնեցրել են խումբը և ձերբակալել սահմանն անցնելու փորձի մասնակիցներին:

Ձերբակալվելուց հետո ակտիվիստները հանձնվել են ոստիկանությանը՝ հետագա քննության համար:

ՑԱԽԱԼ-ը դատապարտել է միջադեպը՝ նշելով, որ նման գործողությունները քրեական խախտում են և սպառնալիք են ստեղծում քաղաքացիների անվտանգության համար: Ըստ զինվորականների հայտարարության՝ նման փորձերը նաև խոչընդոտում են բանակի գործողությունների իրականացմանը և շեղում հրամանատարներին ու զինվորներին իրենց առաջադրանքների կատարումից:

ՑԱԽԱԼ-ը իրավապահ մարմիններին կոչ է արել մեղավորներին պատասխանատվության ենթարկել և միջոցներ ձեռնարկել՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար:

Սահմանը հատելու փորձի պատասխանատվությունը ստանձնել է «Բաշանի ռահվիրաներ» խումբը: Դրա մասնակիցներն անցած տարվա ընթացքում արդեն իսկ բազմիցս փորձել են հայտնվել Սիրիայի տարածքում՝ հանդես գալով այդ շրջանում իսրայելական բնակավայրերի ստեղծման օգտին: Խումբը միաժամանակ ստացել է Իսրայելի իշխող կոալիցիայի որոշ պատգամավորների աջակցությունը:

Source: https://news.am/hy/news/1048935