Իսպանիայի իշխանությունները Մադրիդի մերձակայքում գտնվող Մախադաոնդա քաղաքում ռումինացի լեգեոներների հուշարձանը ներառել են Ժողովրդավարական հիշողության մասին օրենքին հակասող խորհրդանիշների ցանկում։ Հուշարձանը կապամոնտաժվի, հայտնել է Իսպանիայի տարածքային քաղաքականության և ժողովրդավարական հիշողության հարցերով նախարար Անխել Վիկտոր Տորեսը, հաղորդել է Digi24-ը։
Որոշումն ընդունվել է փորձագետների տեխնիկական հանձնաժողովի գնահատականից հետո, որը հանգել է այն եզրակացության, որ հուշարձանը «եվրոպական ֆաշիզմի և ֆրանկոյականության փառաբանում» է և տասնամյակներ շարունակ օգտագործվել է որպես ծայրահեղ աջ խմբերի հանդիպման վայր։
Հուշարձանը տեղադրվել է 1970 թվականին՝ ի հիշատակ Իոն Մոցայի և Վասիլե Մարինի՝ ռումինական «Երկաթե գվարդիա» կազմակերպության առաջնորդների, որոնք զոհվել էին 1937 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի զորքերի կողմից մղած մարտերում։
Իսպանական նախարարությունը «Երկաթե գվարդիան» բնութագրել է որպես ֆաշիստական, ուլտրանացիոնալիստական և հակասեմական կազմակերպություն, որը կապված էր նացիստական ռեժիմի հետ և պատասխանատու էր Ռումինիայում փոքրամասնությունների ու քաղաքական ընդդիմախոսների հետապնդման համար։
«Այս խորհրդանիշների հեռացումը ժողովրդավարական արժանապատվության ակտ է և երաշխիք, որ նոր սերունդները չեն ժառանգի հանրային տարածքներ, որոնք նվիրված են ատելության և բռնապետության փառաբանմանը», — հայտարարել է Տորեսը։
Մախադաոնդայի հուշարձանից բացի, ցանկում ներառվել են նաև Ֆրանկոյի ռեժիմի հետ կապված ևս երեք օբյեկտներ՝ Սանտա Կրուս դե Տեներիֆեում գտնվող Հաղթանակի հուշարձանը, որը հայտնի է որպես Ֆրանկոյի հուշարձան, ինչպես նաև իսպանական ֆաշիստական «Ֆալանգա» կուսակցության հիմնադիր Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերայի պատվին արված արձանագրությունները Մուրսիայի և Ալմերիայի տաճարներում։
Իսպանիայի իշխանությունները շարունակում են վերանայել ֆրանկոյականության ժառանգության հետ կապված այլ օբյեկտներ, այդ թվում՝ Կասերեսում գտնվող Հերոսների խաչը և Պալմայում «Բալեարես» ռազմանավի զոհերի հուշարձանը։
Մախադաոնդայի հուշարձանը կառուցվել էր ռումինական վտարանդիական համայնքի կողմից և երկար տարիներ մնացել էր քաղաքական վեճերի առարկա. ոմանց համար այն պատմական հիշողության վայր էր, իսկ մյուսների համար՝ ծայրահեղական գաղափարախոսության աջակցության խորհրդանիշ։
Source: https://news.am/hy/news/1049295