Իսպանիայի վարչապետի կինը՝ Բեգոնիա Գոմեսը, դիմել է դատավոր Խուան Կառլոս Պեյնադոյին՝ խնդրելով թույլատրել իր մեկնումը Անկարա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Պեդրո Սանչեսին ուղեկցելու համար, ինչպես նաև ուղևորությունը Լոնդոն՝ դստեր ավարտական արարողությանը մասնակցելու նպատակով։
Փաստաբան Անտոնիո Կամաչոյի ներկայացրած միջնորդությունը կապված է ավելի վաղ դատարանի սահմանած խափանման միջոցների հետ։ Դատավորը վերցրել է Գոմեսի անձնագիրը և արգելել նրան լքել Իսպանիայի տարածքը մինչև չորս ենթադրյալ հանցագործությունների գործով դատավարության սկիզբը։
Փաստաթղթում, որին ծանոթացել է EFE գործակալությունը, պաշտպանական կողմը խնդրում է թույլ տալ արտերկիր մեկնել 2026 թվականի հուլիսի 7-10-ը՝ Իսպանիայի պաշտոնական պատվիրակության կազմում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, որն անցկացվելու է Անկարայում։ Նշվում է, որ Գոմեսը պաշտոնական հրավեր է ստացել Թուրքիայի նախագահի տիկնոջից։
Գագաթնաժողովի ավարտից հետո նախատեսվում է ուղևորություն դեպի Լոնդոն, որտեղ նա պետք է ներկա գտնվի դստեր ավարտական արարողությանը։ Վերադարձը նախատեսված է հուլիսի 10-ին՝ Մեծ Բրիտանիայից մեկնող չվերթով։
Պաշտպանական կողմն ընդգծում է, որ ուղևորությունն իրականացվելու է այն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք պաշտոնական արտասահմանյան այցերի ժամանակ հսկում են Իսպանիայի վարչապետին, ինչը, փաստաբանի կարծիքով, երաշխավորում է տեղաշարժերի անվտանգությունը։
Միաժամանակ փաստաբանը խնդրում է ժամանակավորապես վերադարձնել անձնագիրը և թույլտվությունը մուտքագրել դատական տեղեկատվական համակարգ՝ սահմանը հատելիս տեխնիկական խոչընդոտներից խուսափելու համար։
Ավելի վաղ Բեգոնիա Գոմեսը հանձնել էր անձնագիրը՝ դատարանի որոշմամբ, երբ դատավոր Պեյնադոն նրա դեմ դատական վարույթ էր սկսել։
Դատավորը որոշել է գործի քննությունն սկսել երդվյալ ատենակալների մասնակցությամբ՝ բիզնեսում կոռուպցիայի, ազդեցության չարաշահման, միջոցների յուրացման և հափշտակության մեղադրանքներով։ Բացի նրանից, գործով անցնում են նաև այլ անձինք։
Խափանման միջոցները դատարանը հիմնավորել էր փախուստի դիմելու ռիսկով, ներառյալ՝ որպես կառավարության ղեկավարի կնոջ նրան պահպանող ոստիկանների կողմից հնարավոր աջակցությունը։
Source: https://news.am/hy/news/1046938