Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի (CSIC) հետազոտությունը պնդում է, որ հնագետ Խուան Կաբրեն 1945 թվականին կեղծել է 90 ոսկե մետաղադրամներից բաղկացած գանձի գտնվելու վայրը, որպեսզի Գվադալախարայում կատարվող պեղումները կապի վեստգոթական Ռեկոպոլիս քաղաքի հետ, հաղորդում է Euronews-ը։ Պեղումների ղեկավարները հերքում են սա։

Իսպանիայի Գվադալախարա նահանգի Սորիտա դե լոս Կանես համայնքի Սեռո դե լա Օլիվա բլրի վրա գտնվող հնագիտական համալիրն արդեն մի քանի տասնամյակ նույնացվում է Ռեկոպոլիսի հետ՝ մի քաղաքի, որը վեստգոթերի արքա Լեովիգիլդը հրամայել է կառուցել 578 թվականին՝ ի պատիվ իր որդի Ռեկարեդի։

Դա բավականին արտառոց դեպք է. վաղ միջնադարյան Եվրոպայում գրեթե չկան ex novo («զրոյից») հիմնադրված քաղաքներ, ուստի դրա նույնականացումը իսպանական հնագիտության համար միշտ մեծ խորհրդանշական նշանակություն է ունեցել։

Այս նույնացումն առաջին հերթին հենվում է մեկ կոնկրետ գտածոյի վրա՝ 90 ոսկե մետաղադրամների, որոնք արագոնացի հնագետ Խուան Կաբրեն, իր պնդմամբ, հայտնաբերել է 1945 թվականի սեպտեմբերի 12-ին՝ պեղումների երկրորդ փուլի սկսվելուց կարճ ժամանակ անց։ Կաբրեն պնդում էր, որ գտնելու պահին ինքը մենակ է եղել և պատահաբար բախվել է մետաղադրամներին, որոնք կույտով թափված են եղել մի սենյակում, որն ինքը մեկնաբանել է որպես վեստգոթական եկեղեցու մկրտարան՝ Լեովիգիլդի թագավորության ժամանակաշրջանով իր թվագրած շերտում։

Ֆերնանդո Արսե Սաինսը՝ CSIC-ի և Տոմաս Նավարո Տոմասի անվան գրադարանի հետ կապված հնագետ և պատմաբան, վերանայել է այդ վարկածը Boletín de Arqueología Medieval հանդեսում հրապարակված հոդվածում։

Նա հանգել է այն եզրակացության, որ Կաբրեի պատմածը չի դիմանում քննադատությանը. ըստ շերտագրական տվյալների՝ այն սենյակը, որտեղ նա իբր թե գտել է մետաղադրամները, պատկանում է XII–XIII դարերի, այլ ոչ թե VI դարի կառույցին։ Արսեի պատմելով՝ Կաբրեն երբեք վեստգոթական նախնական հատակի մակարդակից ցածր պեղումներ չի կատարել։

Հետազոտողն ուշադրություն է դարձնում նաև այն համատեքստին, որտեղ արվել է գտածոն։ Խուլիո Մարտինես Սանտա-Օլալյան՝ հետպատերազմյան Իսպանիայում պեղումների գլխավոր հանձնակատարը և նացիստական գաղափարախոսության կողմնակիցը, ակտիվորեն Պիրենեյան թերակղզու անցյալում գերմանական արմատների ապացույցներ էր փնտրում։

Պեղումների նախաձեռնող Լայնա Սերանոն այն ժամանակ նամակ էր գրել նրան՝ ողջունելով այն, որ արդյունքները հաստատում են նրա դրույթները։ Արսեն մատնանշում է նաև մեկ այլ նշան. 90 մետաղադրամների մեջ չկա և ոչ մի հատ, որի վրա պատկերված լինի աստիճանավոր պատվանդանի վրա գտնվող խաչի պատկերը, որը, ինչպես այժմ հայտնի է, առկա էր այն ժամանակվա բոլոր իսպանական դրամահատարաններում, ներառյալ՝ Ռեկոպոլիսում։ Հետազոտողի կարծիքով՝ այդ բացակայությունը պատահական չէ, այլ վկայում է հետադարձ թվով հավաքված հավաքածուի մասին, ամենայն հավանականությամբ՝ հնավաճառների շուկայից։

Եթե այս վարկածը հաստատվի, հետևանքները բավականին զգալի կլինեն։ Առանց գանձի՝ որպես ժամանակագրական հենարանի, գրում է Արսեն, կասկածի տակ կդրվի այն ամենի մեծ մասը, ինչն ընդունված է համարել հաստատված այդ հուշարձանի վերաբերյալ, ներառյալ՝ Ռեկոպոլիսի հետ դրա նույնացումը։

Պեղումների ներկայիս համաղեկավարներ Մանուել Կաստրոն և Լաուրո Օլմոն մերժել են Արսեի գիտական ենթադրությունը՝ այն անվանելով սպեկուլյացիա, որը փաստաթղթավորված չէ։ Կաստրոն հիշեցնում է, որ 1945 թվականի պեղումներին մասնակցած բանվորները տարիներ անց հարցաքննվել են և հայտարարել, որ Կաբրեն գտածոյի պահին ընդհանրապես տեղում չի եղել։ Դա հակասում է հենց նրա պատմածին, բայց միևնույն ժամանակ, ըստ Կաստրոյի, չի հաստատում գիտակցված կեղծարարության մեղադրանքները։

Թիմը պնդում է, որ գանձը հայտնաբերվել է եկեղեցու հատակի տակ, թեև հստակեցնում է. գտածոն արվել է Կաբրեի նկարագրած սենյակում, բայց ոչ անպայման հենց նույն կետում։ Կաստրոն հղում է անում նաև իր և Պիլար դե Արտե Բլասկոյի մարտին հրապարակած մենագրությանը, որտեղ անցկացվել է մետաղագործական հետազոտություն և համեմատություն Միջերկրական ծովի քաղաքների հիմնադրման հետ կապված այլ գանձերի հետ, և հիշեցնում է, որ 1990-ական թվականներից ի վեր հուշարձանի տարածքում հայտնաբերվում են նոր վեստգոթական և մերովինգյան մետաղադրամներ, որոնք, նրա կարծիքով, ամրապնդում են նախնական ժամանակագրությունը և նույնացումը Ռեկոպոլիսի հետ։

Այսպիսով, վեճը դեռ բաց է մնում։ Այն հակադրում է քառասունական թվականների փաստաթղթերի քննադատական վերանայումը հետագա ութ տասնամյակների ընթացքում տեղում կատարված հետազոտությունների հեղինակությանը։

Source: https://news.am/hy/news/1049776