Իսպանիայի նախկին վարչապետ Մարիանո Ռախոյը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն հրապարակումից հետո, որում հայտարարել է, թե Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում «ֆրանսիացի խաղացողներ չկան», հաղորդում է The Guardian-ը։
Իսպանական El Debate պարբերականի համար գրված՝ Իսպանիայի և Ֆրանսիայի միջև աշխարհի առաջնության սպասվող կիսաեզրափակչին նվիրված սյունակում Ռախոյը նշել է ֆրանսիական թիմի ուժը, սակայն հավելել է. «Պետք է հիշել, որ Ֆրանսիան աշխարհի կրկնակի չեմպիոն է… Նրանք հիանալի թիմ ունեն։ Ընդ որում՝ նրանց մոտ ֆրանսիացի խաղացողներ չկան։ Եվ նրանք շատ լավ են խաղում»։
Այս խոսքերը քննադատության ալիք են բարձրացրել Ֆրանսիայում և Իսպանիայում։ Քաղաքական գործչի ընդդիմախոսները նրան մեղադրել են այն բանում, որ նա կասկածի տակ է դնում խաղացողների ֆրանսիական ինքնությունը՝ նրանց ծագման կամ մաշկի գույնի պատճառով։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել պատասխանով՝ հայտարարելով, որ որոշ մարդիկ մինչև օրս «երկրին պատկանելությունը չափում են ազգանունով, ծննդավայրով կամ մաշկի գույնով»։
«Մյուսները դա չափում են այս երկրում մեր արմատներով և իրենց ներդրումն ունենալու ցանկությամբ՝ ֆուտբոլ խաղալով, տարեցների մասին հոգ տանելով կամ բիզնես բացելով։ Իսպանիան պատկանում է նրանց, ովքեր սիրում են այն և աշխատում նրա համար, ոչ թե նրանց, ովքեր խայտառակում են այն այլատյաց հայտարարություններով», — գրել է Սանչեսը X սոցիալական ցանցում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը Ռախոյի հայտարարությունն անվանել է «ամբողջովին անընդունելի»։
«Ֆրանսիան բազմազանության երկիր է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է գտնել իր տեղը», — հայտարարել է նա։
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլիվիե Ֆորը ընդգծել է, որ ազգային հավաքականը բաղկացած է բացառապես Ֆրանսիայի քաղաքացիներից։
«Ֆրանսիան էթնիկ ազգ չէ։ Այն չունի մաշկի գույն կամ կրոն։ Դա քաղաքական ազգ է՝ միավորված հանրապետական արժեքներով», — գրել է նա։
Քննադատները նաև Ռախոյի խոսքերը համեմատել են Պարագվայի մի սենատորի շուրջ վերջերս ծագած սկանդալի հետ, որը ռասիզմի մեղադրանքների էր ենթարկվել ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի վրա հարձակումներից հետո։
Վեճի ֆոնին ֆրանսիացի քաղաքական գործիչները կրկին բարձրացրել են այն հարցը, որ բազմամշակութային Ֆրանսիայի հավաքականի հաջողությունները պարբերաբար դառնում են ծայրահեղ աջ շրջանակների կողմից ռասիստական հարձակումների թիրախ։
Source: https://news.am/hy/news/1049430