Իսպանիայում գործարկվել է միգրանտների լայնածավալ օրինականացման ծրագիր, որը կարող է վերաբերել ավելի քան 500 հազար մարդու, որոնք երկրում գտնվում են առանց փաստաթղթերի, գրել է NBC News-ը։
Նախաձեռնությունը նախատեսում է մեծահասակներին մեկ տարի ժամկետով աշխատանքի և բնակության ժամանակավոր թույլտվությունների տրամադրում, իսկ անչափահասների համար այդ ժամկետը հինգ տարի է։ Դրանից հետո մեծահասակ միգրանտները պետք է հաստատեն աշխատանքային զբաղվածությունը՝ կարգավիճակը երկարաձգելու համար։
Ծրագիրը հայտարարվել է Իսպանիայի կառավարության կողմից հունվարին և մեծ հետաքրքրություն է առաջացրել․ հայտերի ընդունման թույլատրումից հետո առաջին օրերին դրանց թիվը գերազանցել է 43 հազարը, իսկ առաջին ամսվա ընթացքում հասել է մոտ 550 հազարի։ Փաստաթղթերի ընդունումը կշարունակվի մինչև հունիսի 30-ը, որից հետո հայտերի քննարկումը կտևի մոտ երեք ամիս։
Մասնակցության հիմնական պայմանը՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը Իսպանիայի տարածքում գտնվելը և դիմումը ներկայացնելու պահին առնվազն հինգ ամիս անընդմեջ բնակության հաստատումն է։ Որպես հաստատող փաստաթղթեր կարող են օգտագործվել գրանցման տեղեկանքներ, բժշկական գրառումներ կամ երեխաների՝ դպրոցում ուսման հաստատումներ։ Պահանջվում է նաև վերջին հինգ տարվա ընթացքում ծագման կամ բնակության երկրներից դատվածության բացակայության մասին տեղեկանք։
Իսպանական իշխանությունների տվյալներով՝ միջոցառումը միտված է երկրում արդեն բնակվող միգրանտների զգալի թվի կարգավիճակը կանոնակարգելուն։ Վարչապետ Պեդրո Սանչեսը նախաձեռնությունն անվանել է «նորմալացման» ուղղությամբ քայլ և ընդգծել է, որ այդ մարդկանցից շատերն արդեն հասարակության առօրյա կյանքի մաս են կազմում։
Փորձագետներն ու իրավապաշտպան կազմակերպությունները նշել են, որ նման ծրագրերը պարբերաբար կիրառվում են տարբեր երկրներում, իսկ Իսպանիայում վերջին լայնածավալ օրինականացումն իրականացվել է մոտ 20 տարի առաջ։ Վերլուծական կենտրոնների գնահատմամբ՝ երկրում անօրինական միգրանտների թիվը կարող է կազմել 500 հազարից մինչև ավելի քան 800 հազար մարդ։
Առանձին ընդգծվել է նախաձեռնության տնտեսական համատեքստը․ Իսպանիան բախվում է բնակչության ծերացման խնդրին, և ժողովրդագրական բեռնվածության գործակիցը հասել է ռեկորդային ցուցանիշների՝ աշխատունակ տարիքի յուրաքանչյուր 100 մարդու բաժին է ընկնում մոտ 148 քաղաքացի, որոնք 64 տարեկանից բարձր են։
Այս համատեքստում օրինականացումը դիտարկվում է որպես հարկային բազայի ընդլայնման և սոցիալական ապահովության համակարգի աջակցության միջոց։
Միաժամանակ, նախաձեռնությունը երկրի ներսում քաղաքական տարաձայնություններ է առաջացրել։ Աջ կուսակցությունների ներկայացուցիչները քննադատում են ծրագիրը՝ հայտարարելով սոցիալական համակարգի և ժողովրդագրական կառուցվածքի համար առկա ռիսկերի մասին։ Մասնավորապես, Մադրիդի տարածաշրջանի իշխանությունները հայտարարել են հանրային ծառայությունների և քաղաքական կայունության համար հնարավոր բացասական հետևանքների մասին։
Source: https://news.am/hy/news/1039653
World
Իսպանիան սկսում է լայնածավալ օրինականացում. կարգավիճակ կարող է ստանալ ավելի քան 500 հազար միգրանտ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։