Իսպանական Melia Hotels International հյուրանոցային խումբը չորեքշաբթի հայտարարել է, որ անհապաղ դադարեցնում է Կուբայում 15 հյուրանոցների կառավարումը, մարքեթինգը և բրենդային ծառայությունների մատուցումը՝ որպես պատճառ վկայակոչելով կղզում աշխարհաքաղաքական, իրավական և տնտեսական պայմանների վատթարացումը։
Այս քայլն արվում է այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուժեղացնում է ճնշումը Կուբայի նկատմամբ՝ օգտագործելով վառելիքային շրջափակումը և պատժամիջոցների խստացումը՝ ռեսուրսները կտրելու և երկրում կառավարության փոփոխություն պարտադրելու նպատակով, հայտնում է Reuters-ը։
Melia ընկերությունը, որը Կուբայի խոշորագույն օտարերկրյա հյուրանոցային օպերատորներից մեկն է, կղզում մասշտաբային ներկայություն է ունեցել 1990 թվականից ի վեր։ Խմբի ղեկավարությունը հայտնել է, որ հյուրանոցների սեփականատերերին իր որոշման մասին ծանուցել է մայիսի 26-ին, իսկ պաշտոնական հաստատումը թողարկվել է չորեքշաբթի։ Տվյալ հյուրանոցները կառավարվում էին դրա պորտուգալական դուստր ձեռնարկության՝ Ilha Bela Gestao E Turismo-ի միջոցով։
Կարգավորող մարմիններին ուղղված պաշտոնական հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ հեռացումը պայմանավորված է «անսպասելի հանգամանքների համակցությամբ», որոնք դուրս են Ilha Bela-ի վերահսկողությունից և էականորեն ազդել են օպերատիվ գործունեության շարունակման կենսունակության, օրինականության ու անվտանգության վրա։
Կուբան հանդիսանում է Melia-ի խոշորագույն շուկաներից մեկն՝ ըստ հյուրանոցների քանակի, սակայն դրա ֆինանսական ներդրումը ընկերության ընդհանուր ցուցանիշներում կտրուկ նվազել է։ Կղզու զբոսաշրջության ոլորտը լրջորեն տուժել է էլեկտրաէներգիայի խրոնիկական պակասից և զբոսաշրջիկների կողմից պահանջարկի անկումից։ Ընկերությունից հավելել են, որ նշված հյուրանոցների մեծ մասը ներկա պահին արդեն իսկ փակված էին կամ չէին գործում։
Այժմ Ilha Bela-ն աշխատում է ակտիվներից դուրս գալու կանոնակարգված գործընթացի ուղղությամբ և միջոցներ է ձեռնարկում մատակարարներին ու հաճախորդներին ժամանակին իրազեկելու համար, ամփոփել են Melia-ում։
Source: https://news.am/hy/news/1040730