Անհրաժեշտ է խստացնել ընտրողներին նախընտրական կաշառք տալու համար նախատեսված պատիժը։ Այս մասին հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ընտրողների կաշառման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն» ուղղված նախագծի հեղինակներն են պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխաս Ղազարյանը և Թագուհի Ղազարյանը (բոլորը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից)։
Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթով առաջարկվում է խստացնել ընտրակաշառք տալու, ստանալու և դրանում միջնորդելու համար նախատեսված պատիժը, ինչպես նաև սահմանել խիստ մասնագիտական արգելքներ նման հանցագործություն կատարած անձանց համար։
Պատգամավորի խոսքով՝ կաշառքը շարունակում է մնալ ժողովրդավարության գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ խաթարում է քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և նվազեցնում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը։
Նախագծի համաձայն՝ ընտրողների կաշառման համար դատապարտված անձինք կզրկվեն պետական, համայնքային, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ «Պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնող անձինք իրականացնում են հանրային իշխանության գործառույթներ։ Հետևաբար, նրանց նկատմամբ պետք է կիրառվեն բարեվարքության, ազնվության և հանրային վստահության բարձր չափանիշներ»,- ընդգծեց պատգամավորը։
Ներկայումս նախընտրական կաշառք ստանալու համար նախատեսվում է մինչև 7 տարի, իսկ տալու համար՝ 8 տարի ազատազրկում։ Այժմ առաջարկվում է համապատասխանաբար սահմանել 9 և 10 տարի ազատազրկման ժամկետներ։
Source: https://news.am/hy/news/1047392