Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդին հանձնարարել է հետաքննել Քուվեյթի հետ ծովային սահմանի շրջանում իրաքցի ձկնորսի մահվան հանգամանքները՝ կոչ անելով ձեռնարկել իրավական միջոցներ նման միջադեպերը կանխելու և երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար, հայտնել է Shafaq News-ը։
Կառավարության ղեկավարը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը, բանակի Գլխավոր շտաբի պետին և հարավային Բասրա նահանգի անվտանգության ուժերին ուսումնասիրել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները՝ քաղաքացիական անձանց նկատմամբ հրազենի կիրառումը որակելով «անընդունելի»։
Ավելի վաղ Բասրայից Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ալաա ալ-Հայդարին Քուվեյթին մեղադրել էր ձկնորս Նաջմ Աբդալա Խալիդի մահվան, անձնակազմի մեկ այլ անդամի վիրավորման և մի քանի ձկնորսների ձերբակալման համար։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Իրաքի տարածքային ջրերում և երկրի ինքնիշխանության խախտում է։
Տեղի աղբյուրների տվյալներով՝ զոհված ձկնորսի մարմինը, ինչպես նաև վիրավոր Թաեր Մուհամեդ Սալմանը և անձնակազմի ազատ արձակված երեք անդամները փոխանցվել են Սաֆվան սահմանային անցակետով։ Աղբյուրը հայտնել է, որ քուվեյթյան առափնյա պարեկությունը կրակ է բացել IFB166 իրաքյան ձկնորսական նավի վրա, որից հետո ձերբակալել է անձնակազմին։
Քուվեյթի իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել մեղադրանքները և չեն հաստատել միջադեպի հանգամանքները։
Իրաքի մարդու իրավունքների հանձնաժողովը պահանջել է անցկացնել թափանցիկ հետաքննություն և ուժեղացնել ձկնորսների պաշտպանության միջոցները։ Գերատեսչությունում նաև կոչ են արել աշխատակիցներին պահպանել որսի համար թույլատրված շրջանները, խուսափել վիճելի գոտիներից և նավերը համալրել ժամանակակից հետևման համակարգերով՝ անվտանգությունը բարձրացնելու համար։
Source: https://news.am/hy/news/1049293