Իրաքի իշխանություններն ավարտել են Իրանի զոհված գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի եռափուլ արարողության նախապատրաստական աշխատանքները։

Ինչպես հաղորդում է Tehran Times-ը, իրաքցի պաշտոնյաներն ակնկալում են, որ փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով զոհված այաթոլլա Խամենեիի հիշատակին նվիրված սգո միջոցառումները կհամախմբեն վերջին տարիներին Իրաքում մարդկանց ամենախոշոր զանգվածային կուտակումներից մեկը։

Քերբելայի նահանգապետ և նահանգի Գերագույն անվտանգության կոմիտեի նախագահ Նասիֆ Ջասիմ ալ-Խաթաբին հրաժեշտի արարողությունն անվանել է խոշոր իրադարձություն՝ հայտարարելով. «Այս միջոցառումը, անկասկած, նշանակալի է լինելու և ունենալու է լրջագույն մասշտաբներ ու հետևանքներ»։

Նա նշել է, որ Քերբելան կընդունի սգո միջոցառումների բացառիկ մեծ թվով մասնակիցների, քանի որ Իրաքի տարբեր տարածաշրջանների բազմաթիվ բնակիչներ ձգտում են գալ սրբազան քաղաք՝ արարողությանը մասնակցելու համար։

«Հրաժեշտի արարողությունը կանցկացվի երեք փուլով. պաշտոնական պետական արարողություն՝ երեքշաբթի երեկոյան, այնուհետև ևս մեկ սգո երթ՝ չորեքշաբթի առավոտյան Նաջաֆում, և հրաժեշտի արարողություն՝ տեղական ժամանակով 16:00-ին Քերբելայում»,- հայտնել է ալ-Խաթաբին։

Նահանգապետը հայտարարել է նաև, որ չորեքշաբթի Քերբելայում կհայտարարվի պաշտոնական ոչ աշխատանքային օր՝ «զոհված առաջնորդին» նվիրված մասշտաբային արարողության անցկացումն ապահովելու, ինչպես նաև բնակիչներին հյուրեր ընդունելու, օգնություն ցուցաբերելու և միջոցառումներին մասնակցելու հնարավորություն տալու համար։

Միաժամանակ, իրազեկ իրաքցի պաշտոնյան լրատվամիջոցներին հայտնել է, որ Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին երեքշաբթի կդիմավորի այաթոլլա Խամենեիի մարմինը Նաջաֆի միջազգային օդանավակայանում։ Ըստ աղբյուրի՝ օդանավակայանում «ումմայի առաջնորդի» դիմավորման արարողությանը կմասնակցեն իրաքցի պաշտոնյաներ։

Ավելի վաղ այաթոլլա Խամենեիի հրաժեշտի արարողության կազմակերպման համար պատասխանատու իրաքյան կոմիտեն հայտարարել էր, որ Նաջաֆում պաշտոնական դիմավորման և Քերբելայում համաժողովրդական սգո երթի բոլոր նախապատրաստական, լոգիստիկ և համակարգման աշխատանքներն ավարտված են, հաղորդում է Mehr-ը։

«Իսլամական ումմայի առաջնորդի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա երեքշաբթի Նաջաֆի միջազգային օդանավակայանում՝ իրաքցի պաշտոնյաների և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պատվիրակության մասնակցությամբ»,- հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Սաադ Մաանը։

«Քերբելայում համաժողովրդական սգո երթը կսկսվի չորեքշաբթի՝ 16:00-ին»,- հավելել է նա։

Source: https://news.am/hy/news/1048452