Իրաքի անվտանգության ուժերը կիրակի վաղ առավոտյան լայնածավալ գործողություններ են իրականացրել Բաղդադի «Կանաչ գոտում», որտեղ տեղակայված են պետական հաստատությունները, դիվանագիտական առաքելությունները, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների տները։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել են ուժային կառույցների երկու աղբյուրներ։

Աղբյուրների տվյալներով, գործողությանը մասնակցել են բանակային ստորաբաժանումներ և հակաահաբեկչական ուժեր։ Տարածքը շրջափակվել է, դրա մուտքերի մոտ կենտրոնացվել են անվտանգության զգալի ուժեր, այդ թվում՝ ծանր տեխնիկա։ Սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում ռազմական մեքենաները, այդ թվում՝ զրահապատ տեխնիկան, գտնվում են համալիրի տարածքում և առանձին շենքերի մոտ։

Գործակալության զրուցակիցներից մեկի տեղեկության համաձայն, գործողություններն ուղղված են եղել մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչների ձերբակալությանը՝ կոռուպցիայի և դատարանի որոշումների հետ կապված քննությունների շրջանակում։ Նշվում է նաև, որ գործողությունը կարող է վերաբերել զինված խմբավորումների ֆինանսավորմանը, ինչպես նաև դոլարների և իրանական նավթի մաքսանենգությանը։ Ձերբակալվածների պաշտոնական անունները և նրանց թիվն առայժմ չեն հրապարակվում։

Մյուս աղբյուրը հաստատել է, որ իրավապահ մարմինների գործողությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ և շարունակվում են։

Հրապարակման պահին Իրաքի կառավարության պաշտոնական հայտարարություն չէր ստացվել։

Գործողությունները տեղի են ունենում Իրաքի վարչապետի հայտարարությունների ֆոնին՝ կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնելու և զենքի շրջանառության նկատմամբ պետական վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին կոռուպցիոն գործերից մեկի շրջանակում ավելի քան 85 մլն դոլարի բռնագրավման մասին։

Source: https://news.am/hy/news/1046417