Հունիսի վերջին Լյուցեռնում անցկացված ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ իրանցի բանակցողները միջնորդի միջոցով անձնական հաղորդագրություն են հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, հաղորդում է Drop Site-ը։

Իրանցիները Վենսին զգուշացրել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսա Ջարեդ Քուշների հետագա ներկայությունը կխաթարի հունիսի 17-ի շրջանակային համաձայնագիրը երկարաժամկետ գործարքի վերածելու հնարավորությունները։ Դրա մասին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ իրանցի պաշտոնյայի՝ անձնական հաղորդագրության մեջ Իրանը Վենսին փոխանցել է, որ այդ զույգն ավելի շատ շահագրգռված է բանակցությունների վերաբերյալ ինսայդերական տեղեկությունն օգտագործելու հարցում՝ ֆինանսական շուկաներում շահույթ ստանալու նպատակով, քան համաձայնության հասնելով։

Իրանցի բանակցողները միաժամանակ մտահոգություն են հայտնել Քուշների կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պարբերաբար տեղեկությունների արտահոսքի կապակցությամբ։ (Ամերիկացի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ բանակցությունների սկզբից ի վեր Ուիթքոֆն ու Քուշները «գրեթե ամեն օր շփվում են Նեթանյահուի և Մոսադի ղեկավարի հետ»։)

Պաշտոնյան շեշտել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից շաբաթներ առաջ Իրանը միջնորդներին է ներկայացրել գրավոր փաստաթղթեր, որոնք բնութագրել է որպես ապացույց այն բանի, որ «նախագահ Թրամփին մոտ կանգնած անձինք» չարաշահել են Իրանի հետ պատերազմն ու դիվանագիտական իրադարձությունները՝ ֆինանսական շուկաներում մանիպուլյացիաներ անելու համար։

«Դեռևս Իսլամաբադում [ապրիլին] բանակցությունների սկսվելուց առաջ մենք արդեն բազմիցս հաղորդագրություններ էինք ուղարկել Թրամփին պակիստանցիների միջոցով՝ զգուշացնելով նրանց նախորդ բանակցություններում [Ուիթքոֆի] կործանարար դերի մասին»,- ասել է պաշտոնյան։

Վենսին ուղղված դիմումը հետևել է Թեհրանի այն նախնական փորձերին, որոնցով փորձում էին Սպիտակ տանը հասցնել իրենց մտահոգությունները Ուիթքոֆի և Քուշների վերաբերյալ։ Դա պայմանավորված էր նրանով, որ միջնորդներին փոխանցվող հաղորդագրությունները հասանելի էին դառնում ամերիկյան ամբողջ թիմին, ներառյալ Քուշներին, որը մասնավոր անձ է և պետական պաշտոն չի զբաղեցնում։

«Մենք տվյալներն ու գնահատականները փոխանցել ենք բացառիկ խողովակով անձամբ Վենսին»,- հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ նրա՝ իրանցի բանակցողները Վենսին հայտնել են, որ իրենց կարծիքով՝ Ուիթքոֆն ու Քուշները «չարաշահում են» դիվանագիտական գործընթացը՝ «փաստացիորեն խաթարելով բանակցությունների ընդհանուր մթնոլորտը»։

Source: https://news.am/hy/news/1050053