Իրանի փոխարտգործնախարար՝ իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության հրապարակած փաստաթուղթը հաստատում է այն, որ Արաբական Միացյալ Էմիրություններն ակտիվ դերակատարում են ունեցել Իրանի դեմ ռազմական գործողություններում։

X սոցիալական ցանցի իր էջում Ղարիբաբադին նշել է, որ ԱՄԷ-ի համար արտահանման սահմանափակումները մեղմելու վերաբերյալ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի որոշումը Ամերիկայի ռազմական գործողություններին Աբու Դաբիի ցուցաբերած աջակցության «պաշտոնական ճանաչումն» է։

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթն «ուղիղ միջազգային-իրավական պատասխանատվություն» է դնում ԱՄԷ-ի վրա։

«ԱՄԷ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի», — հայտարարել է իրանցի դիվանագետը։

Ավելի վաղ ԱՄՆ առևտրի դեպարտամենտը հայտարարել է արտահանման հսկողության համակարգում ԱՄԷ-ի կարգավիճակի բարձրացման մասին։ Այս որոշմամբ Էմիրությունները դուրս են բերվում սահմանափակումների երկու կատեգորիաներից, ինչը նրանց հնարավորություն է տալիս առանց արտոնագրի ստանալ վերահսկվող մի շարք ապրանքներ, այդ թվում՝ որոշակի ռազմական տեխնոլոգիաներ, արբանյակային սարքավորումներ և երկակի նշանակության արտադրանք։

Թեհրանում նաև հայտարարել են, որ վերջին տեղեկությունները վկայում են Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողություններին ԱՄԷ-ի շատ ավելի ակտիվ մասնակցության մասին, քան ենթադրվում էր նախկինում։ Իրանական կողմի պնդմամբ՝ էմիրաթական ուժերը հակամարտության առաջին իսկ օրերից հարվածներ են հասցրել երկրի տարածքին։

Source: https://news.am/hy/news/1049272