Թեհրանը ԱՄՆ-ի հետ հնարավոր նախնական համաձայնության շրջանակում որևէ պարտավորություն չի ստանձնել միջուկային հարցի վերաբերյալ, դա կդառնա առանձին բանակցությունների թեմա. հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով բարձրաստիճան իրանցի դիվանագետի։

The Washington Post թերթը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շրջանակային համաձայնագիրը, որը դեռևս վերջնականապես չի հաստատվել, նախատեսում է Թեհրանի հրաժարումը բարձր հարստացված ուրանի պաշարներից։

«ԱՄՆ-ի հետ նախնական համաձայնության նախագծում միջուկային թեմատիկային և բարձր հարստացված ուրանին առնչվող որևէ պարտավորություն չի տրվել հակառակ կողմին»,- գործակալությունը մեջբերում է անանուն իրանցի դիվանագետի խոսքերը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու դեպքում միջուկային թեմատիկան կդառնա 60-օրյա բանակցությունների առարկա, ինչի դիմաց Միացյալ Նահանգները պետք է չեղարկի պատժամիջոցները, ապասառեցնի ակտիվները, իսկ ամերիկյան ուժերը պետք է լքեն Իրանին հարակից շրջանները։

Source: https://news.am/hy/news/1038059