Իրանը չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, իսկ դրա չկատարման պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ պատասխանատվությամբ է մոտեցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին և երբեք հանդես չի եկել որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման նախաձեռնող։

«Իրանը երբեք չի եղել պարտավորությունների խախտման նախաձեռնողը։ Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկացած բանակցության ժամանակ ցուցաբերել է բծախնդրություն և լրջություն։ Պայմանավորվածությունները մշտապես խախտող կողմը ամերիկյան կողմն է», — ասել է Բաղային։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը մտադիր է հավատարիմ մնալ փոխադարձության սկզբունքին և հայելային արձագանքել ԱՄՆ-ի գործողություններին։

«Մենք հենց սկզբից խոսում էինք «պարտավորություն՝ պարտավորության դիմաց» սկզբունքի մասին։ Եթե մյուս կողմը կատարում է իր պարտավորությունները, մենք նույնպես կկատարենք մերը։ Այսուհետ մենք կգործենք այսպես․ քանի դեռ մյուս կողմը շարունակում է խախտել իր պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր հերթին, զերծ կմնա ստանձնած պարտավորությունների կատարումից», — հայտարարել է Բաղային։

Մեկնաբանելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, և նրա գործողություններն ուղղված են եղել բացառապես ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։

Նա հավելել է, որ Իրանը բազմիցս կոչ է արել տարածաշրջանի պետություններին ԱՄՆ-ին հնարավորություն չտալ օգտագործելու իրենց տարածքը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ իրականացնելու համար։

Բաղային առանձնակի անդրադարձել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցին՝ հայտարարելով, որ Իրանը թույլ չի տա ազգային անվտանգության համար սպառնալիքների աղբյուր դարձնել այս ռազմավարական երթուղին։

Նրա խոսքով՝ առևտրային նավերի ռազմական ուղեկցման վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները վկայում են Վաշինգտոնի՝ տարածաշրջանում անկայունությունը պահպանելու ձգտման մասին։

Source: https://news.am/hy/news/1049480