«Ամենավատ բանը, որ կարող եք անել գործարք կնքելիս, ցույց տալն է, որ հուսահատորեն դրա կարիքն ունեք։ Արյան հոտն առնելով՝ ձեր հակառակորդը պարզապես կոչնչացնի ձեզ։ Պետք է գործել բացառապես ուժի դիրքերից, իսկ ձեր ամենագլխավոր հաղթաթուղթը ճնշման լծակներն են»։

Հենց այս սկզբունքն է Դոնալդ Թրամփը (կամ նրա գրական ուրվականը) ձևակերպել դեռևս 1987 թվականին հրատարակված «Գործարքներ կնքելու արվեստը» (The Art of the Deal) իր գրքում։ Հնարավոր է՝ Թրամփն արժեր վերընթերցեր սեփական ստեղծագործությունը նախքան ապրիլի 5-ի իր գրառումը հրապարակելը. «Բացե՛ք այդ գրողի տարած նեղուցը, դուք, խելագար սրիկաներ, այլապես կապրեք դժոխքում»։

Անփորձ աչքի համար այս պահանջը հնչեց հենց այդ նույն հուսահատության երանգով, հատկապես այն բանից հետո, երբ Թրամփն այդպես էլ ի կատար չածեց Իրանի վրա «դժոխային կրակ» թափելու իր սպառնալիքները, գրում է Financial Times-ը։

Դաժան իրականությունն այն է, որ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում հենց Թեհրանն ուներ ճնշման իրական լծակներ։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը հսկայական ճնշում գործադրեց համաշխարհային տնտեսության վրա։ Ամերիկայում բենզինի գների աճին զուգահեռ՝ հասարակական կարծիքի հարցումներում Թրամփի վարկանիշները սրընթաց գահավիժում էին։

Արդյունքում, այս հոդվածի գրման պահին, ԱՄՆ-ը կարծես թե պատրաստ էր համաձայնել մի գործարքի, որը երկարաժամկետ հեռանկարում սպառնում է Իրանին թողնել շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մինչև այս պատերազմի սկիզբը։

Ուրվագծվող համաձայնագրի էությունը հանգում է հետևյալին. Իրանը համաձայնում է բացել նեղուցը՝ առանց որևէ տարանցիկ տուրք գանձելու։ Փոխարենը նա ստանում է պատժամիջոցների փուլային մեղմացում, ներառյալ իր ակտիվների միլիարդավոր դոլարների ապասառեցումը։ Թեհրանը խոստումներ կտա սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն բոլոր կոնկրետ մանրամասները կդառնան ապագա բանակցությունների առարկա, այսինքն՝ ըստ էության, այս առանցքային հարցն այդպես էլ մնաց չլուծված։

Թրամփը համառորեն պնդում է, որ ինքը ոչ մի տեղ չի շտապում և երբեք չի ընդունի վատ պայմաններ։ Սակայն հանրապետական «բազեների» արձագանքն այս նախագծին խիստ հատկանշական է։

Սենատոր Թեդ Քրուզը ենթադրել է, որ գործարքը կարող է դառնալ «աղետալի սխալ», քանի որ արդյունքում Իրանը «կպահպանի ուրանը հարստացնելու և միջուկային զենք մշակելու հնարավորությունը, ինչպես նաև դե ֆակտո կպահպանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ»։ Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովը գլխավորող սենատոր Ռոջեր Ուիքերն էլ զգուշացրել է, որ նախապատրաստվող համաձայնագիրը «չի արժենա նույնիսկ այն թուղթը, որի վրա գրված է»։

Իսրայելի կառավարությունը, որն առանցքային դեր է խաղացել Թրամփին ընդհանրապես այս պատերազմի մեջ ներքաշելու գործում, հրապարակավ ցանկացած գործարքի մասին կարտահայտվի առավելագույնս քաղաքավարի, թեկուզ միայն այն պատճառով, որ Բենիամին Նեթանյահուն շուտով պետք է կանգնի ընտրողների առաջ։ Բայց իրականությունն այն է, որ Իսրայելի առաջնորդն այս պատերազմը ներկայացնում էր որպես Թեհրանում ռեժիմի փոփոխության հասնելու եզակի հնարավորություն։

Այժմ նա հետևում է, թե ինչպես է հակամարտությունն ավարտվում, իսկ իրանական ռեժիմը մնում է իր տեղում՝ դառնալով ավելի ինքնավստահ, ավելի արմատական և ստանալով նոր ֆինանսական ռեսուրսներ՝ ինչպես միջուկային ծրագրի, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արևելքում իր կողմից վերահսկվող խմբավորումների (պրոքսիների) ցանցի վերականգնման համար։

Նեթանյահուի գրասենյակի նախկին գլխավոր տնօրեն Էլի Գրոները պնդում է, որ այն գիտակցումը, թե Իրանն այժմ կարող է ապագայում ցանկացած պահի փակել Հորմուզի նեղուցը, «շատ ավելի խորն ու ռազմավարական հաղթանակ է, քան ցանկացած մարտավարական ռազմական նվաճում»։ Նրա հակիրճ ամփոփումը տեղավորվել է մեկ բառում. «Աղետ»։

Source: https://news.am/hy/news/1038251