Իրանի իշխանությունները հայտնել են Գոլեստան նահանգի Աքքալա շրջանում գտնվող կամրջով երթևեկության վերսկսման մասին։ Կամուրջն ավելի վաղ վնասվել էր ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Նահանգապետ Ալի-Ասղար Թահմասեբիի հայտարարության համաձայն՝ կամուրջը հաջողվել է վերականգնել հարձակումից հետո՝ մեկ օրից էլ քիչ ժամանակում։ Նրա խոսքով՝ օբյեկտի աշխատանքի արագ վերականգնումը «նահանգի գործնական պատասխանն էր թշնամիների սպառնալիքներին ու գործողություններին»։

Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ հարվածի թիրախում հայտնվել և վնասվել էր Աքքալայի շրջանի երկաթուղային կամուրջը։ Դրա հետևանքով շարքից դուրս էր եկել Գորգան-Ինչե-Բուրուն երկաթգծի մի հատվածը, որով Հյուսիսային Իրանը երկաթուղային կապ է հաստատում Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրների հետ։

Source: https://news.am/hy/news/1049271