Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իր նախորդի՝ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի, ինչպես նաև վերջին երկու հակամարտությունների ընթացքում մյուս զոհվածների մահվան համար վրեժխնդրությունն անխուսափելի է։ Այս մասին հաղորդում է Press TV-ն։

Իրանում և Իրաքում հուղարկավորության արարողություններից հետո ունեցած իր ուղերձում Մոջթաբա Խամենեին շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին հրաժեշտի արարողություններին զանգվածային մասնակցության համար՝ այն անվանելով «պատմական» և «հակառակորդներին ապշեցնող» իրադարձություն։

Նրա խոսքով՝ տասնյակ միլիոնավոր մարդիկ, ովքեր դուրս են եկել տարբեր քաղաքների, այդ թվում՝ Թեհրանի, Ղոմի, Նաջաֆի, Քերբելայի և Մաշհադի փողոցներ, իրենց աջակցությունն են հայտնել երկրի ղեկավարությանը։

«Մենք խոստանում ենք հանցագործ ու խայտառակված մարդասպաններից վրեժ լուծել զոհված առաջնորդի և այս երկու պատերազմների բոլոր նահատակների անմեղ արյան համար», — հայտարարել է Խամենեին։

Դիմելով հանգուցյալ այաթոլլա Ալի Խամենեիին՝ նոր առաջնորդը նշել է, որ երկրի իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ նրա քաղաքական ու կրոնական ուղուն։

«Մենք անսասան կպահենք նրա ուսմունքը և ամուր կքայլենք նրա մատնանշած ճանապարհով՝ չվախենալով ոչ մի դժվարությունից», — ասել է նա։

Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանի պատասխանը կախված չէ երկրի կոնկրետ ղեկավարներից և կիրականացվի անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության ղեկին։

«Դա կիրագործվի, և ողջ աշխարհի ազատատենչ մարդիկ իրենց ներդրումը կունենան այս առաքելության կատարման գործում», — ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդը։

Source: https://news.am/hy/news/1049276