Իրանը գիշերը փակել է Հորմուզի նեղուցը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ավելի վաղ նախազգուշացրել էին օտարերկրյա պետությունների միջամտության հետևանքների մասին Հորմուզի նեղուցով նավարկությանը, ինչպես նաև նավերի երթևեկության հաստատված երթուղիները փոխելու փորձերի մասին, հաղորդում է Pars Today։

Հայտարարության մեջ նշվում է, որ մի քանի ժամ առաջ, չնայած այդ նախազգուշացումներին, օտարերկրյա ուժերի աջակցությամբ մի քանի նավ փորձել են անցնել չհաստատված երթուղով՝ անտեսելով ուղղությունը փոխելու պահանջները։

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ նավերից մեկը անջատել է նավիգացիոն համակարգերը՝ վտանգ ստեղծելով ծովային նավարկության անվտանգության համար, որից հետո այն կանգնեցվել է նախազգուշական կրակոցով։

Դրանից հետո ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ անորոշ ժամկետով։ Հայտարարության մեջ ասվում է, որ նեղուցով անցումը փակ կմնա մինչև տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտության դադարեցումը։ Մինչ այդ պահը, ըստ ԻՀՊԿ-ի հայտարարության, նեղուցով որևէ նավի տեղաշարժ չի թույլատրվում։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը տեղի ունեցած միջադեպը օգտագործի որպես Իրանի դեմ նոր հարվածների առիթ, ապա կհետևի «կոշտ պատասխան»։ Հայտարարության մեջ նաև սպառնալիք է պարունակվում տարածաշրջանում ամերիկյան լրացուցիչ ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ։

Հնարավոր հետագա էսկալացիայի հետևանքների պատասխանատվությունը ԻՀՊԿ-ն վերագրել է ԱՄՆ-ին, Իսրայելին, ինչպես նաև այն երկրներին, որոնք իրենց տարածքը տրամադրել են ամերիկյան ռազմական բազաների տեղակայման համար։

Source: https://news.am/hy/news/1049334