Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալի Օզմային շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ «աստվածային հատուցումը» «սարերի հետևում չէ»։ Նրա հայտարարությունը հնչել է Իրանի նախկին գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողության ֆոնին, հայտնում է Mehr-ը։

Դերծովակալ Ալի Օզմային նշել է, որ ռազմավարական Հորմուզի նեղուցի պահպանության համար պատասխանատու ուժերը երդվել են շարունակել երկրի հանգուցյալ ղեկավարության կողմից նախանշված ուղին։

Իր ելույթում նա հայտարարել է, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդը «սպանվել է երկրի վրա եղած ամենաչար և ամենաննշան մարդկանց կողմից», որոնք, նրա պնդմամբ, վախենում էին նրա հոգևոր ազդեցությունից և քաղաքական հեղինակությունից։

Օզմային հայտարարել է, որ «գոռոզության կույր հետևորդները» չեն կարողացել խոչընդոտել «ճշմարտության ճանապարհը», այլ միայն «մերկացրել են իրենց աստվածային արդարադատության առաջ»։

Նա նաև ընդգծել է, որ ինքը և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի զինծառայողները, որոնք վերահսկում են Հորմուզի նեղուցը, «ուխտ են կապել Աստծո հետ»՝ շարունակելու «նահատակների» ուղին և հետևելու հանգուցյալ առաջնորդի իդեալներին։

Նրա համոզմամբ, կա «հաստատուն հույս», որ «աստվածային հատուցումը ահաբեկչական Ամերիկայի և ոչ լեգիտիմ սիոնիստական ռեժիմի դեմ» «սարերի հետևում չէ», իսկ «ճշմարտության դրոշը» կշարունակի բարձր մնալ իրավահաջորդի առաջնորդությամբ։

Source: https://news.am/hy/news/1047834