Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ագրեսիային Թեհրանի տված պատասխաններն ապացուցում են՝ այն դարաշրջանը, երբ Իրանին կարելի էր սպառնալ առանց հետևանքների, պաշտոնապես ավարտվել է։
Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի մահվան տարելիցին նվիրված իր ուղերձում Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և «սիոնիստական ռեժիմի» հետ Իրանի ներկայիս դիմակայությունը դրա վառ ապացույցն է։
«Ջամարանի ծերունին (Իմամ Խոմեյնին) անփոփոխ կերպով ընդգծում էր Իրանի անկախությունն ու արժանապատվությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանելով որպես «Մեծ Սատանա» և իրանցի ժողովրդի գլխավոր թշնամի։ Նա արտասանել է իր հանրահայտ խոսքերը. «Ես բացարձակ վստահությամբ եմ ասում, որ Իսլամը նվաստացուցիչ կերպով ծնկի կբերի գերտերություններին։ Ամերիկան ոչ մի սատանայական բան չի կարողանա անել։ Մենք կտրորենք Ամերիկան։ Իրանական մեծ ազգը կայծակի հարվածի պես կփլվի Ամերիկայի գլխին»։
«Իմամ Խոմեյնին իրանցի ազգին սովորեցրել է երբեք հետ չկանգնել ահաբեկման ու գերիշխանության առջև։ Այսօր, ոգեշնչված հենց այդ գաղափարախոսական դպրոցով, իրանցի ազգն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դեմ իր պայքարում ապացուցել է, որ Իրանի հասցեին անպատիժ սպառնալիքների ժամանակաշրջանն անցել է, և ցանկացած ագրեսիա կբախվի վճռական, համաչափ ու խորապես կործանարար պատասխանի»։
Source: https://news.am/hy/news/1040707