Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին մուսուլմանական երկրներին կոչ է արել խորացնել համագործակցությունը՝ հանուն տարածաշրջանային և համաշխարհային նոր կարգի ձևավորման, որը զերծ կլինի ամերիկյան թելադրանքից։
«Մուսուլմանական ումման և տարածաշրջանի ժողովուրդներն ունեն հսկայական ընդհանուր ներուժ ու փոխադարձ շահեր, որոնք էլ կորոշեն նոր կարգի ուրվագծերն ու տարածաշրջանի և ողջ աշխարհի ապագա ճարտարապետությունը»,- ասված է Press TV-ի հրապարակած այաթոլլա Խամենեիի ուղերձում։
Արաֆայի օրվան (Հաջի ուխտագնացության երկրորդ օրվան) նվիրված ուղերձում նշվում է, որ մուսուլման ժողովուրդները թևակոխում են մի պատմական փուլ, որում տարածաշրջանային իրողություններն անդառնալիորեն փոխվում են, իսկ ԱՄՆ-ի ռազմական ազդեցությունը հետևողականորեն նվազում է։
«Ժամանակի ընթացքն անհնար է հետ շրջել, և մեր երկրի ժողովուրդներն այլևս վահան չեն դառնա ամերիկյան ռազմաբազաների համար,- ընդգծել է Գերագույն առաջնորդը։ - Միացյալ Նահանգներն այլևս անվտանգ հանգրվան չի ունենա իր դավադրությունների և տարածաշրջանում բազաներ տեղակայելու համար։ ԱՄՆ-ն օրեցօր ավելի ու ավելի է հեռանում իր երբեմնի կարգավիճակից։ Ապագան պատկանում է մուսուլմանական ումմային և նոր իսլամական քաղաքակրթությանը»։
«Դիմադրության ճակատի» հաղթանակը և Իսրայելի կործանման մոտեցումը
Ուղերձում հատուկ նշվում է տարածաշրջանային «Դիմադրության ճակատի» դերը, որը բնութագրվել է որպես միասնական շարժում՝ ձգվող «Իրանից մինչև Լիբանան, Պաղեստին, Իրաք և Սիրիա, Աֆրիկայից ու Եմենից մինչև Աֆղանստան և Պակիստան»։ Ընդգծվել է, որ հենց այս ուժերն են դիմակայում ամերիկյան ազդեցությանը, մարտահրավեր նետում իսրայելական օկուպացիային և պայքար մղում «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման դեմ։
Միևնույն ժամանակ, աստվածաբան Խամենեին իսրայելական վարչակարգն անվանել է «քաղցկեղային ուռուցք» և «անկայուն կազմավորում», որը մոտենում է «իր անիծյալ գոյության եզրափակիչ փուլին»։ Տեքստում մեջբերվում է նաև նահատակված Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի մարգարեությունը, ով ավելի վաղ կանխատեսել էր, որ այդ վարչակարգը նույնիսկ 25 տարի չի գոյատևի։
Իրանի առաջնորդը բարձր է գնահատել Միացյալ Նահանգներին և իսրայելական վարչակարգին կողմից Իրանի դեմ իրականացված վերջին չհրահրված ագրեսիայի ժամանակ Իսլամական Հանրապետության հասցրած վճռական հարվածները։
«Իսլամական Հանրապետությունն իր հզոր հարվածներով կարողացավ անօգնական վիճակի մեջ դնել սիոնիստական վարչակարգին, ուժգին ապտակ հասցրեց ագրեսոր Ամերիկային և տապալեց թշնամու ծրագրերը, որոնք նպատակ ունեին Իրանին ստիպել կապիտուլյացիայի ենթարկվել»,- նշված է փաստաթղթում։
Այաթոլլա Խամենեին երախտագիտություն է հայտնել Իրանի զինված ուժերին և դաշնակից դիմադրության խմբավորումներին, հատկապես Լիբանանում, «մինչև ատամները զինված ամերիկա-սիոնիստական ահաբեկչական բանակների» դեմ հակազդեցության մեջ տարած «ակնառու հաղթանակների» համար։ Տեքստում առանձնահատուկ հիշատակվում է «Ամերիկայի՝ Մեծ Սատանայի և նրա վարժեցված գազանի՝ սիոնիստական վարչակարգի» դեմ «ցամաքում, օդում և ծովում» հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակարգված կիրառումը։
Ուղերձում հիշատակվում է այս ագրեսիայի սկզբնական փուլերում այաթոլլա Ալի Խամենեիի զոհվելու մասին։ Նշվում է, որ «մեծ առաջնորդի սրտակեղեք նահատակությունից» հետո իրանական հասարակությունը թևակոխել է համախմբման նոր փուլ։ Երկրի քաղաքացիները «զարմացրել են աշխարհին» փողոցներում իրենց զանգվածային ցույցերով և զինված ուժերի նկատմամբ իրենց ցուցաբերած աջակցությամբ։
Հաջը՝ որպես հոգևոր և քաղաքական վերափոխման ուղի
Ուղղակիորեն դիմելով իրանցի ուխտավորներին՝ առաջնորդը նշել է, որ նրանց վրա «կարևոր և պատվաբեր առաքելություն» է դրված՝ Հաջի ժամանակ այլ երկրների մուսուլմաններին փոխանցել «այս երրորդ պարտադրված պատերազմում տարած հաղթանակի» պատմությունը։
Այաթոլլա Խամենեին նաև կոչ է արել աղոթել մուսուլմանների միասնության, Պաղեստինի ազատագրման և գլոբալ ամբարտավանության դեմ տարվելիք հաղթանակի համար։ Նա ընդգծել է ղուրանյան «բարաաթ» սկզբունքի կարևորությունը՝ նշելով, որ այս դրույթը դուրս է գալիս Հաջի ծիսակարգերի շրջանակից և սահմանում է մուսուլմանների քաղաքական կյանքն ամբողջ աշխարհում։
««Մա՛հ Ամերիկային» և «Մա՛հ Իսրայելին» կարգախոսները կդառնան իսլամական ումմայի և աշխարհի բոլոր ճնշված ժողովուրդների, հատկապես երիտասարդության ընդհանուր նշանաբանը»,- ամփոփվում է ուղերձում։
Source: https://news.am/hy/news/1038545
World
Իրանի գերագույն առաջնորդը մահմեդական աշխարհին կոչ է արել ստեղծել նոր գլոբալ կարգ՝ առանց ԱՄՆ-ի գերիշխանության
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։