Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին, ով ընդգրկված է ԱՄՆ-ի հետ հուշագրի իրագործման շուրջ բանակցային խմբում, հերքել է այս շաբաթ Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը։
«Աշխատանքային խմբերի տեխնիկական հանդիպումներ այս շաբաթ չեն լինելու։ Կատարի հետ խորհրդակցություններն ընթանում են բնականոն հունով, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարման հարցով, սակայն Դոհայում տեխնիկական բանակցություններ սկսվելու մասին որոշ լրատվամիջոցների լուրերը հավաստի չեն»,- պարզաբանել է նա լրագրողներին։
Ղարիբաբադին նշել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամկետի հարցում։ Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդ երկրների աջակցությամբ, հավելել է փոխարտգործնախարարը։
Ավելի վաղ «Axios» պորտալի լրագրող Բարաք Ռավիդը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները համաձայնության են եկել հարվածների փոխադարձ դադարեցման և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու շուրջ՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։
Source: https://news.am/hy/news/1046641