Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո։
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից քսանից էլ քիչ օր անց, հունիսի 21-ին տրված ընդհանուր լիցենզիան չեղարկելու մասին հայտարարությունը դարձավ Միացյալ Նահանգների անբարեխղճության, անհետևողականության և անվստահելիության ևս մեկ վկայություն։ Ընդ որում, վերջին քսան օրվա ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս և տարբեր եղանակներով՝ թե՛ անմիջականորեն, թե՛ Լիբանանի դեմ սիոնիստական ռեժիմի գործողությունների միջոցով, խախտել է հուշագրի տարբեր դրույթներ։
Հունիսի 18-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետությունը բարեխղճորեն և ամբողջ ծավալով ջանքեր է գործադրել՝ այդ փաստաթղթին համապատասխան իր պարտավորությունները կատարելու համար։ Սակայն ամերիկյան վարչակազմը, ինչպես նախկինում, սեփական պարտավորությունները խախտելուն զուգահեռ փորձել է իր գործողությունները արդարացնել շինծու պատրվակներով։
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը, նախազգուշացնելով Միացյալ Նահանգների կողմից համաձայնագրի խախտման հետևանքների մասին, հայտարարել է, որ կձեռնարկի ցանկացած միջոց, որը կհամարի անհրաժեշտ՝ իր ազգային շահերը պաշտպանելու և ազգային անվտանգությունն ապահովելու համար», — նշել են Թեհրանում։
Source: https://news.am/hy/news/1048505