Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մեծ Բրիտանիայի որոշումը, որով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները) ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
Նախօրեին «Sky News» հեռուստաալիքը, հղում անելով Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Անժելա Իգլի հայտարարությանը, հայտնել էր, որ Լոնդոնը ԻՀՊԿ-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։
«Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Մեծ Բրիտանիայի կառավարության թշնամական քայլը, որով ԻՀՊԿ-ն ազգային անվտանգության օրենքի համաձայն սպառնալիք է հայտարարվել։ Իրանական կողմն այս որոշումը համարում է անհիմն, անպատասխանատու և միջազգային իրավունքի հիմնարար դրույթների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների խախտում»,- Լոնդոնի քայլն այսպես է մեկնաբանել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Իրանի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել, և զգուշացրել է, որ այս որոշման հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է բրիտանական իշխանությունների վրա։
Source: https://news.am/hy/news/1049751