Անհայտ անձինք երկրի արևելքում գտնվող Լեռնային Պապուա նահանգում աերոդրոմում վայրէջքից հետո հրկիզել են ինքնաթիռը։ Միջադեպի հետևանքով զոհվել է օդաչուն, որը ԱՄՆ քաղաքացի էր, հայտնում է Jakarta Globe թերթը՝ հղում անելով Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ տեղական PT AMA ավիաընկերության ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Վամենա քաղաքի օդանավակայանից և Ջայավիջայա շրջանում վայրէջք էր կատարել թռիչքուղու վրա՝ օդանավում ունենալով յոթ ուղևոր և անձնակազմի մեկ անդամ։ Օդաչուն հայտնել էր վայրէջքի ավարտի մասին, որից հետո ինքնաթիռի հետ կապը կորել էր։ Ավելի ուշ իշխանությունները տեղեկություն են ստացել վայրէջքի վայրում ինքնաթիռի հրդեհման մասին։

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է ԱՄՆ քաղաքացի օդաչու Նիկոլաս Գոսելինի մահը և հայտնել, որ միջադեպի հանգամանքները պարզվում են։ Դեպքի ճշգրիտ պատճառները կպարզվեն քննության ընթացքում՝ իրավապահ մարմինների մասնակցությամբ։ Ջայավիջայա շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ ստուգում է տեղեկությունները տարածաշրջանում գործող զինված խմբի հնարավոր առնչության մասին հարձակմանը։

Source: https://news.am/hy/news/1047324