Կյանքը չի կարող կանգ առնել մեր երկրում, քանի դեռ ՍԴ–ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները. ՍԴ–ն իր լիազորությունն է իրականացնում, մենք էլ մեր քաղաքական գործունեությունն ենք իրականացնում։ Երբ կլինի ՍԴ–ի կոնկրետ վճիռ, կելնենք այդ վճռի տրամաբանությունից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29–ին, ՔՊ–ի կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչց Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեև ՍԴ–ն դեռ քննարկում է ընտրությունների արդյունքները, ՔՊ–ում արդեն պաշտոններ են բաժանում։
Նենք, որ այսօր ՔՊ–ում ընտրվելու են ԱԺ երկու փոխնախագահների թեկնածուները։
«Ոչ ոք 100 տոկոսով ոչինչ չգիտի, եթե այդպիսի իշխանություն լինեինք, վաղուց սահմանադրական մեծամասնությունը նկարած կլինեինք»,–ասաց նա։
Հարցին՝ կա՞ որոշում, որ ԱԺ երկու փոխնախագահներից մեկը պետք է կին լինի, Ռոմանոս Պետրոսյանը բացասական պատասխան տվեց. «ԱԺ 3 փոխնախագահներից մեկը բաժին է հասնելու ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, մյուս երկուսը՝ մեզ։ Մենք այս դեպքում գենդերային չափորոշիչ չենք սահմանել։ Այսպիսի չափորոշիչ սահմանված չէ, որ երկու սեռից լինեն»։
Հարցին՝ ինքն ի՞նչ չափորոշիչներով է ընտրություն կատարելու, Պետրոսյանն արձագանքեց. «Իրենց հանձնառությունը մեր որդեգրած քաղաքական կուրսին, սկզբունքներին, արժեհամակարգին։ Իրենց աշխատանքի արդյունավետությունը, մասնավորապես, պառլամենտական գործունեության մեջ իրենց արձանագրած արդյունքները, իրենց օրենսդրական նախաձեռնությունները, ԱԾ աշխատանքներում իրենց ցուցաբերած վարքը, այդ թվում նաև բարեվարքությունը։ Ես անձամբ այդ չափորոշիչներով եմ շարժվում»։
Նշենք, որ խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում են ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններում չհաջողած Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Անցյալ շաբաթ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Շոյված եմ արդյունքից և վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»:
Source: https://news.am/hy/news/1046683