Կուսակցություններն իրենց վստահված անձանց միջոցով ավելի շուտ են կարողանում ամփոփել ընտրության արդյունքները, քան ԿԸՀ–ն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքով դրա պատճառն այն է, որ վստահված անձինք արագ միայն թվերը ներկայացնում են իրենց շտաբներին, իսկ ԿԸՀ տվյալներ ներկայացնելուց պետք է հաշվեն նաև կտրոնները, տեղավորեն դրանք պարկերում և էլի մի շարք գործողություններ արվեն, ինչն էլ ուշացնում է տվյալների ստացումը։

«Այն փաստը, որ քաղաքական ուժերը մոտ 2-3 ժամ ավելի արագ են քվեարկության արդյունքները ամփոփում, դա բնական է։ Միշտ այդպես է եղել բոլոր նախորդ ընտրություններում։

Մենք ունեցել ենք իրավիճակային կենտրոն, որը ընտրախախտումների բոլոր ահազանգերը հավաքագրել ենք։ Այն դեպքերը, որոնք պահանջում են ամփոփման փուլում պետք է տրվի իրավական գնահատական, կասկած չունենանք, որ այդ գնահատականը տրվելու է։

Ինչ վերաբերում է զինվորների քվեարկությանը, ապա խնդիրը եղել է սա. Երկու տեղամասում մեր զինվորները դեռ կեսօրից կամ գուցե ավելի շուտ, եկել են քվեարկության։ Պետք է խոստովանեմ, որ ընտրական հանձնաժողովներում մի զգալի մասը պատկառելի տարիք ունեցող մարդիկ են։ Մի տեղամասում ես տեսա, որ քվեաթերթիկների տրցակ հավաքելը 3 րոպե էր տևում։ Այսինքն կեսօրից ընտրության եկած զինվորները ժամը 20–ին դեռ դռան դիմաց կանգնած էին։ Կամ մենք պետք է զինվորներին թույլ տայինք մտնել ներս ու ապահովել իրենց քվեարկելու իրավունքը, կամ պետք է մեր զինվորների վրա դուռը փակեինք և ասեինք՝ դուք չեք կարող քվեարկել, որովհետեւ գործընթացը դանդաղ է գնացել»,–ասաց նա։

Հովակիմյանը պարզաբանեց, որ օրենքի կարգավորումներով ժամը 20–ին դռները փակվում են և նրանք, որոնք տեփղամասի ներսում են, իրենց իրավունք է տրվում քվեարկել և դուրս գալ. «Այս դեպքում խնդիրն այն է եղել, որ երկու տեղամասում մեծ թվով զինվորներ են եղել»,–ասաց ԿԸՀ նախագահը։

Source: https://news.am/hy/news/1041961