ԱՄՆ Թենեսի նահանգում վերջին պահին կանգնեցրել են 57-ամյա Թոնի Քարութերսի մահապատիժն այն բանից հետո, երբ բանտի աշխատակիցներն ավելի քան մեկ ժամ չէին կարողանում տեղադրել ներերակային կատետրը մահաբեր դեղամիջոցների ներարկման համար, հայտնել է CBS News-ը։

Փաստաբանների խոսքով՝ մահապատժի իրականացման փորձն ուղեկցվել է ուժեղ ցավով, բազմաթիվ ծակոցներով և արյունահոսությամբ, իսկ պաշտպանական կողմը տեղի ունեցածն անվանել է «խոշտանգում» և «բարբարոսություն»։

Փաստաբան Մարիա Դելիբերատոն հայտնել է, որ աշխատակիցները փորձել են ներարկման երակներ գտնել դատապարտյալի ձեռքերում, ոտքերում և պարանոցին։ Նրա խոսքով՝ այնուհետև փորձ է արվել կրծքավանդակի միջով տեղադրել կենտրոնական կատետր՝ օգտագործելով լիդոկաին, սակայն Քարութերսը շարունակել է ցավ զգալ այդ ընթացքում։ Պաշտպանությունը պնդել է, որ դատապարտյալը տնքացել է, իսկ ծակոցների տեղերից արյուն է հոսել։

Թենեսիի ուղղիչ հիմնարկների վարչությունը հաստատել է, որ հիմնական երակը հաջողվել է գտնել, սակայն աշխատակիցներին չի հաջողվել միացնել պահուստայինը, որը պարտադիր է ըստ մահաբեր ներարկման արձանագրության։ Կենտրոնական կատետր տեղադրելու անհաջող փորձից հետո մահապատիժը չեղարկվել է։

Նահանգապետ Բիլ Լին հայտնել է մեկ տարի ժամկետով դատավճռի կատարման ժամանակավոր հետաձգման մասին։ Միևնույն ժամանակ՝ ավելի վաղ նույն օրը, նա հրաժարվել էր ներում շնորհել Քարութերսին և հաստատել էր մահապատիժը։

Թոնի Քարութերսը մահապատժի է դատապարտվել 1994 թվականին երեք մարդու առևանգման և սպանության համար։ Սակայն նա ավելի քան 30 տարի պնդում է, որ անմեղ է։ Նրա փաստաբաններն ու իրավապաշտպանները պնդում էին լրացուցիչ ԴՆԹ փորձաքննության անհրաժեշտությունը՝ հայտարարելով, որ իրեղեն ապացույցները նրան ուղղակիորեն չեն կապում հանցագործության հետ։ American Civil Liberties միության տվյալներով՝ մեղադրանքը հիմնականում հիմնված էր բանտային իրազեկիչների ցուցմունքների վրա, իսկ հանցագործության վայրից վերցված մատնահետքերի և ԴՆԹ մի մասն այդպես էլ չի համադրվել այլընտրանքային կասկածյալի հետ։

Պաշտպանությունը նաև հայտարարել է, որ նահանգն արգելափակել է նոր քրեագիտական վերլուծությունների անցկացումը մինչև նշանակված մահապատիժը։ Անհաջող ընթացակարգից հետո փաստաբանները տեղի ունեցածն անվանել են «դաժան և անսովոր պատիժ», ինչն արգելվում է ԱՄՆ Սահմանադրությամբ։

Այս պատմությունը կրկին սրել է ԱՄՆ-ում մահապատժի և մահաբեր ներարկման մեթոդների շուրջ քննարկումները։ Թենեսիում մահապատիժները վերսկսվել են միայն 2025 թվականին՝ երեք տարվա դադարից հետո, որը պայմանավորված էր կիրառվող դեղամիջոցների և ընթացակարգերի օրինականության ու անվտանգության շուրջ վեճերով։

Source: https://news.am/hy/news/1037442