Նախագահ Թրամփը հպարտությամբ ընդլայնել է նախագահական իշխանության սահմանները մինչև նախկինում չտեսնված մասշտաբների: Սակայն հենց այն, թե ինչպես է նա տնօրինում այդ իշխանությունը՝ հաճախ միանձնյա և իմպուլսիվ, բացատրում է նրա ժողովրդականության սրընթաց անկումը և կանխորոշում նրա երկրորդ ժամկետի ուրվագծերը։

Յուրաքանչյուր նախագահ ստուգում է համակարգի ամրությունը: Բայց Թրամփը, ըստ իր իսկ խորհրդականների, այդ սահմանները փորձարկում է բոլորից արագ՝ հազվադեպ մտածելով հետևանքների մասին: Նրան զսպել ունակ են միայն դատարանները, ֆինանսական շուկաները կամ մամուլի կողմից հավանության արժանանալու նրա սեփական մոլուցքը, գրում է Axios-ը:

Բայց այն պահին, երբ միանում են այս զսպող գործոնները, մաքսատուրքերն արդեն սահմանված են լինում, պատերազմը՝ սկսված, իսկ դաշնակիցները՝ վիրավորված:

Նրա բոլոր առանցքային որոշումները կարելի է բաժանել երեք հիմնական կատեգորիաների.

Թրամփը դաշնային կառավարության ապարատն ուղղել է իր ընդդիմախոսների դեմ՝ միաժամանակ նպաստելով իր և իր ընտանիքի հարստացմանը:

Նա Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) լայնամասշտաբ գործողություններ է ծավալել ամերիկյան քաղաքներում՝ առանց պատշաճ նախապատրաստման և մշտապես փոփոխվող հրահանգներով։ Հավանություն տալով ագրեսիվ և տպավորիչ «հեռուստատեսային պատկերին»՝ նա անտեսել է այն փաստը, որ գործակալները սխալմամբ բերման են ենթարկել և արտաքսել նաև ԱՄՆ քաղաքացիների։

Նա Արդարադատության նախարարությանը լարել է իր քննադատների դեմ։ Առաջադրված մեղադրանքներն այնքան անհիմն են եղել, որ երդվյալ ատենակալների կոլեգիաները և անգամ հանրապետականների կողմից նշանակված դատավորները մերժել են դրանց մի մասը: Ընդ որում, Թրամփն առատաձեռնորեն վարձատրում է այն աջակիցներին, ովքեր հայտարարում են, որ իրենք էլ են դարձել պետական ապարատի «քաղաքականացման» զոհ։

Նա իր ընտանիքի անդամներին և ընկերներին թույլ է տվել ուղղակի օգուտ քաղել իր նախագահական կարգավիճակից։

Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թրամփը կառավարում է աշխարհի խոշորագույն տնտեսությունը՝ առաջնորդվելով բացառապես բնազդով և Truth Social սոցիալական ցանցում արված հրապարակումներով։

Նա քաոսային և անկանխատեսելի մաքսատուրքեր է սահմանել ինչպես հակառակորդների, այնպես էլ դաշնակիցների նկատմամբ՝ ընդ որում անտեսելով Կոնգրեսը, դատարաններն ու Սահմանադրությունը։

Նա աննախադեպ ճնշում է գործադրել Դաշնային պահուստային համակարգի գործող ղեկավարի վրա՝ պահանջելով նվազեցնել տոկոսադրույքները։ Բանը հասել է նրան, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը քրեական հետաքննություն է նախաձեռնել կարգավորող մարմնի ղեկավարության նկատմամբ, ինչը կործանել է կենտրոնական բանկի անկախության կեսդարյա նորմը։

Նա Truth Social-ում հայտարարել է 50-ամյա հիփոթեքի ներդրման և մաքսատուրքերից 2000 դոլարի չափով դիվիդենդների վճարման մասին՝ առանց որևէ մշակված ծրագրի կամ պատրաստի օրինագծերի։

3. Ուժի ցուցադրում՝ ըստ անձնական քմահաճույքի

Թվում է, թե Թրամփը ղեկավարում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու զինված ուժերը սոցիալական ցանցերի միջոցով՝ բնազդաբար և տեսողական էֆեկտի վրա շեշտադրմամբ։

Նա պարբերաբար և իմպուլսիվ կերպով հրապարակային հարձակումների է ենթարկում հին դաշնակիցներին՝ ինչպես ընդհանուր ՆԱՏՕ-ին, այնպես էլ առանձին երկրների (Ուկրաինային, Կանադային, Դանիային)՝ տասնամյակների գործընկերությունը վերածելով կատակի առարկայի։

Իսրայելի պնդմամբ նա պատերազմ է սանձազերծել Իրանի դեմ՝ չունենալով ձգձգվող, դաժան և թանկարժեք հետևանքների հաղթահարման հստակ ծրագիր, որոնք ծավալվում են հենց այս րոպեներին։

Ռազմական գործողությունների թեժ պահին նա պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին թույլ է տվել պաշտոնանկ անել ցամաքային զորքերի բարձրագույն զինվորական հրամանատարին և Ռազմածովային ուժերի նախարարին։

Source: https://news.am/hy/news/1038593