Ուրբաթ երեկոյան Լիտվայում ուժգին փոթորիկ է մոլեգնել, որը որոշ վայրերում ուղեկցվել է հավանական պտտահողմերով։ Բնակիչները սոցցանցերում ակտիվորեն կիսվում են տարերքի հետևանքների տեսանյութերով ու լուսանկարներով, հայտնում է LRT-ն։
Լիտվայի հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում հնարավոր է մինչև երեք պտտահողմ գրանցված լինի։ Ականատեսների տեսանյութերը ստացվել են Կաունասից, Ուկմերգեի շրջանից և Կազլու Ռուդայից, այդ թվում՝ կադրեր, որոնք նկարահանվել են գրեթե հենց դեպքի էպիկենտրոնից։
Տեղի բնակիչները տեսածը համեմատում են «ամերիկյան տորնադոների» հետ։ Մի շարք շրջաններում տարերքը զգալի վնասներ է հասցրել. ծառեր են տապալվել, իսկ Կաունասում արձանագրվել է տան տանիքի պոկվելու դեպք։
«ESO» էներգացանցերի օպերատորի տվյալներով՝ վատ եղանակի պատճառով շուրջ 8 հազար բաժանորդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրականության։ Փրկարար ծառայությունից հայտնել են, որ 16 կանչ են ստացել տապալված ծառերը հեռացնելու համար, քանի որ դրանք հիմնականում ընկել են ճանապարհների երթևեկելի հատվածների վրա։ Բնակելի տների, մեքենաների կամ էլեկտրահաղորդման գծերի վրա ծառերի ընկնելու վերաբերյալ ահազանգեր չեն եղել։
Օդերևութաբանները նշում են, որ տարածաշրջանում դիտվել են կարճատև, բայց ուժգին անձրևներ՝ ուղեկցված ամպրոպով, տեղ-տեղ նաև՝ կարկուտով։ Քամու ուժգնությունը հասել է 15–16 մ/վ-ի։ Որոշ շրջաններում զգալի քանակությամբ տեղումներ են գրանցվել. Պակրուոյիսում՝ մինչև 38,5 մմ, ինչը կազմում է հունիս ամսվա նորմայի մոտ 62%-ը։ Կաունասում արձանագրվել է 36,9 մմ տեղումներ, Կալվարիայում՝ 35,4 մմ, Շյաուլյայում՝ 28,8 մմ, իսկ Կազլու Ռուդայում՝ 28 մմ։
Ծառայության գնահատմամբ՝ առանձին շրջաններում մեկ օրից էլ պակաս ժամանակահատվածում տեղացել է մոտ երկու շաբաթվա տեղումների նորմա։ Ընդհանուր առմամբ, ուրբաթ և շաբաթ օրերին գրանցվել է կայծակի 4649 հարված։
Source: https://news.am/hy/news/1041409