Քրեական վարույթի շրջանակում Armat Media-ի խմբագրությունում կատարվում է խուզարկություն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ գործը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։

Ըստ համացանցում տարածվող լուրերի՝ լրատվականը պատկանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին, ով այս պահին կալանավորված է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժային մարմինների ներկայացուցիչները մտել են Armat media–ի խմբագրություն։

Նշենք, որ վաղ առավոտից ձերբակալությունների շարք է սկսվել Հայաստանում։

Այս պահի դրությամբ ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանը։ Նրանց մեղադրում են շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործով։

Ձերբակալվել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը` ընտրակաշառք տալու դեպքի կասկածանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնել են, որ ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Բացի այդ, ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Source: https://news.am/hy/news/1041138