Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Պարսից ծոցի երկնքում որսացել և խոցել են ամերիկյան «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարքը։ Գերատեսչությունը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում կարժանանա խստագույն պատասխանի, հայտնում է Press TV-ն։

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի երեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ պնդվում է, որ ԱՄՆ «ահաբեկչական զորքերը», շարունակելով իրենց «տարածաշրջանում միջամտողական արկածախնդրությունը և ագրեսիվ վարքագիծը», ներխուժել են Իրանի օդային տարածք՝ Պարսից ծոցի ջրային տարածքի վրայով։

Փաստաթղթում նշվում է, որ ԻՀՊԿ ՀՕՊ ստորաբաժանումները, իրականացնելով ճշգրիտ հետախուզական մոնիթորինգ, որսացել և ոչնչացրել են «MQ-9 Reaper» անօդաչու սարքը՝ կատարելով երկրի ինքնիշխան օդային տարածքի պաշտպանության առաջադրանքները։

Հայտարարության համաձայն՝ ԻՀՊԿ հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել նաև «RQ-4 Global Hawk» հետախուզական ԱԹՍ-ի և Իրանի օդային տարածք ներխուժած «F-35» գերձայնային անտեսանելի կործանիչի ուղղությամբ՝ ստիպելով դրանց նահանջել և լքել երկրի երկինքը։

Ի վերջո, ԻՀՊԿ-ն զգուշացրել է «ԱՄՆ ագրեսիվ զինված ուժերին» զերծ մնալ հրադադարի ցանկացած խախտումից՝ ընդգծելով, որ պատասխան և հայելային հարվածներ հասցնելը համարում է իր օրինական և անվիճելի իրավունքը։

Ավելի վաղ, ամերիկյան զորքերը չհրահրված հարվածներ էին հասցրել Իրանի հարավում գտնվող օբյեկտներին՝ որպես թիրախ ընտրելով Բանդար Աբաս ռազմավարական նավահանգստային քաղաքի մերձակա շրջանները։

Հարձակումը հաջորդել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսի հայտարարությանը, ով հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավին՝ «մեր զինծառայողներին իրանական ուժերի կողմից բխող սպառնալիքներից պաշտպանելու համար»։ «Թիրախների թվում եղել են հրթիռների արձակման կայաններ և ծովային ականներ տեղադրող իրանական մոտորանավակներ»,- հավելել է Հոքինսը։

Source: https://news.am/hy/news/1038547