Հունգարական պետական երկու հեռարձակող ալիքներ, որոնք համարվում էին Վիկտոր Օրբանին մոտ կանգնած, դադարեցրել են հեռարձակումը՝ լրատվամիջոցների վրա ազգայնական առաջնորդի բազմամյա ազդեցությունը վերացնելու ուղղությամբ նոր կառավարության ջանքերի շրջանակում, երեքշաբթի հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը Օրբանի 16-ամյա կառավարման առանցքային տարրերից մեկն էր, որի ընթացքում նա կենտրոնաեվրոպական այս երկիրը վերածեց իր իսկ հռչակած «ոչ լիբերալ» ժողովրդավարության։
«Պատմական օր։ Այսօր ավարտվում է քարոզչական հեռարձակումը պետական մեդիահարթակներում»,- Facebook-ում գրել է Մադյարը։
Պետական երկու լրատվամիջոցներն էլ՝ Kossuth ռադիոկայանը և M1 հեռուստաալիքը, դադարեցրել են հեռարձակումը երեքշաբթի երեկոյան։ M1-ի էկրանին հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը.
«Պետական լրատվամիջոցները չպետք է ստեն։ Մենք ներողություն ենք խնդրում այն բանի համար, որ դա անում էինք այսքան երկար ժամանակ»։
Հաղորդագրության մեջ նաև ասվում էր. «Այժմ պետական լրատվամիջոցները կբարեփոխվեն՝ դառնալով անկախ և վստահելի։ Մեր լրատվական ծրագիրն այս պահին կասեցված է։ Մնացեք մեզ հետ»։
Kossuth ռադիոկայանի հաճախականություններով հեռարձակվում էր երաժշտական ծրագիր՝ կոմպոզիտոր Բարտոկի դասական ստեղծագործություններով։
M1 հեռուստաալիքի (Հունգարիայի գլխավոր պետական հեռուստաալիքի) և Kossuth ռադիոկայանի կայքերը նույնպես անհասանելի են եղել։
Պետական MTVA մեդիախմբի հայտարարության համաձայն՝ M1 հեռուստաալիքը կվերսկսի հեռարձակումը երեկոյան, սակայն՝ առանց լրատվական ծրագրերի։
Մադյարի Tisza կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել ապրիլին անցկացված ընտրություններում՝ հանդես գալով «վարչակարգի փոփոխության» և Օրբանի դարաշրջանի հետ ամբողջական խզման խոստումով։ Կուսակցությունը ստացել է խորհրդարանի տեղերի երկու երրորդը։
Բացի պետական լրատվամիջոցներից, նոր կառավարությունը գործողություններ է սկսել նաև մասնավոր պարբերականների և հեռուստաալիքների դեմ, որոնք պատկանում են Օրբանի հետ կապված գործարարներին։
Խոշորագույն մասնավոր TV2 հեռուստաալիքը Մադյարի հաղթանակից հետո արդեն իսկ բախվել է կադրային փոփոխությունների. փոխարինվել են լուրերի գլխավոր հաղորդավարները, իսկ լրատվական բաժնի տնօրենը լքել է պաշտոնը։
Source: https://news.am/hy/news/1048447