Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը երկրի խորհրդարանին ներկայացրել է սահմանադրության փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է երկրի քաղաքական համակարգի և առանձին պետական ինստիտուտների լայնածավալ բարեփոխում, հայտնել է Index-ը։

Ամենահնչեղ կետերից մեկը գործող նախագահի լիազորությունների հնարավոր վաղաժամկետ դադարեցման մասին դրույթն է՝ բարեփոխմամբ նախատեսված անցումային սահմանադրական գործընթացի շրջանակում։ Նախաձեռնությունը մեկնաբանվում է որպես զսպումների և հակակշիռների համակարգի ավելի լայն վերանայման մաս։

Բացի այդ, նախագիծը սահմանում է խորհրդարանի պատգամավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակում՝ ոչ ավելի, քան 12 տարի կամ երեք գումարում։ Էական փոփոխություններ են առաջարկվում Սահմանադրական դատարանի առնչությամբ․ ուժեղացվում է դրա ինստիտուցիոնալ անկախությունը, դատավորների համար սահմանվում է տարիքային շեմ, ինչպես նաև ընդլայնվում են դատական ինքնակառավարման տարրերը։

Բարեփոխումը նաև նախատեսում է Պետական գույքի վերադարձի և պաշտպանության ազգային վարչության ստեղծում, բյուջետային վերահսկողության համակարգի վերանայում, Բյուջետային խորհրդի վետոյի իրավունքի վերացում և որակյալ մեծամասնություն պահանջող հարցերի թվի կրճատում։

Առանձին անդրադարձ է կատարվում նաև վարչական բարեփոխմանը, ներառյալ «վարմեդյե»-ի փոխարեն «մեդյե» պատմական տերմինի վերադարձը։

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ նախաձեռնությունը հիմնված է հանրային քննարկումների արդյունքների վրա և միտված է «պետական կառուցվածքի արդիականացմանը» և պետական ինստիտուտների հաշվետվողականության ուժեղացմանը։

Source: https://news.am/hy/news/1047859