Հունաստանում մահացել է 72-ամյա Վագիա Նեստորան՝ իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության քաղաքական գործիչ Աֆրոդիտի Նեստորայի մայրը, որը ծանր այրվածքներ էր ստացել Սալոնիկում բնակելի շենքի հրկիզման հետևանքով առաջացած հրդեհից, հաղորդում է BBC News-ը։

Հիվանդանոցի բուժանձնակազմի տվյալներով՝ կինը տեղափոխվել էր ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնի մակերեսի մոտ 80%-ի այրվածքներով, և ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից ու բազմաօրգանային անբավարարությունից։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը այն բազմաբնակարան շենքում, որտեղ բնակվում է Աֆրոդիտի Նեստորան։ Ոստիկանության տվյալներով՝ շենքի մոտ տեղադրվել են ինքնաշեն հրկիզող սարքեր, որոնք պայթյուն և հրդեհ են առաջացրել։ Արդյունքում ոչնչացվել է երկու ավտոմեքենա, վնասվել են մի քանի մոտոցիկլետներ, և լրջորեն տուժել է բուն շենքը։

Աֆրոդիտի Նեստորան այրվածքներ ու ծխից թունավորում է ստացել և մնում է հիվանդանոցում։ Նրա հայրը, ինչպես նաև ևս երկու բնակիչ հոսպիտալացվել են շնչառական խնդիրներով։

Մի քանի րոպեի ընթացքում Սալոնիկի տարբեր շրջաններում տեղի են ունեցել ևս երկու նմանատիպ հարձակումներ։ Դրանց թիրախն են դարձել Սալոնիկում «Նոր ժողովրդավարություն» կուսակցության վարչական կոմիտեի նախագահ Զիսիս Իոակեյմովիցի և նախկին պատգամավոր Սավաս Անաստասիադիսի տները։ Այդ դեպքերում տուժածներ չեն եղել։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պատահարից հետո այցելել է հիվանդանոց և հայտարարել, որ կազմակերպված հասարակությունում բռնությունը տեղ չունի։ Նա խոստացել է նաև, որ մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն։

Հետաքննությունն իրականացնում է Հունաստանի ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունը, որը դիտարկում է երեք հարձակումների համակարգված բնույթի վարկածը։ Այս պահի դրությամբ ձերբակալություններ չեն արվել, հարձակումների պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։

Source: https://news.am/hy/news/1047224